«Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը երեկ կալանավորվել է, նրան առաջադրվել է մեղադրանք մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (Քր․ դատ․ օր․ 112-րդ հոդվածի 2 մասի 6-րդ կետ): Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:
Այսպես, Վյաչեսլավ Հարությունովի որդին, 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը' դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված' Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:
2018 թվականի հուլիսի 2-ին' «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո' ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին' կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը' խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին' վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս' գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով' ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:
05.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան' Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 06.07.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Է. Բաբայանը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: