Երեկ լուսադեմին՝ Երևանում, ժամը 5։30-ի սահմաններում, խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 79 տանը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը, սակայն տունն ամբողջովին մոխրի է վերածվել։ Առանձնատան առաջին հարկի գույքն ամբողջովին այրվել է, երկրորդ և երրորդ հարկերը ևս լուրջ վնասներ են կրել։

Տան անդամների հարազատները ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում  նշեցին, որ դեպքի ժամանակ տանը մարդ չի եղել։ Հրդեհի մասին առաջինը հարևաններն են իմացել. ձայներ են լսել, զանգել են փրկարարներին, սակայն գույքից գրեթե ոչինչ հնարավոր չի եղել փրկել։

«Սարսափելի է, երբ ամեն ինչ ստեղծել ես քո քրտինքով, քո աշխատանքով, բայց ինչ-որ մեկն առանց վարանելու կրակի է տալիս այն»,- ասաց հարազատներից մեկը։

Նրանք առայժմ սպասում են փորձագետների և իրավապահների պատասխանին, սակայն կասկածում են, որ տունը կողոպտել, հետո են հրդեհել, քանի որ սենյակի դարակները բաց են եղել, հեռուստացույցը չի եղել, տանը եղել են նաև թանկարժեք իրեր, որոնց հետքն անգամ չկա։ Սենյակում առկա խառնաշփոթից, որը դժվար թե հրդեհի հետևանքով առաջացած լիներ, հարազատները ենթադրում են, որ այնտեղ ինչ-որ բան են փնտրել։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնցում առանձնատան ներսն է՝ հրդեհից առաջ եւ հետո: