«Դուք էլ պահանջեք՝ օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք։ Մենք վարչարարություն իրականացնող մարմին ենք, քաղաքականություն իրականացնող մարմին չենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գործարարները բողոքում են, որ նախկինում ՀՀԿ օլիգարխների համար գրված օրենքներով իրենց տուգանում են, գործարարները պահանջում են բարելավել օրենսդրական դաշտը։

Նա ընդգծեց՝ փոքր և միջին բիզնեսի մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում, իսկ այն գործարարները, որոնք կարծում են իրենց նկատմամբ կոշտ վարչարարություն է իրականացվում, թող դիմեն  ՊԵԿ, իրենց բոլոր հարցերը կքննարկվեն։

 

Դավիթ Անանյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե շատ փոքր և միջին բիզնեսմեններ հայտարարում են, որ հարկային բեռը չթեթևացնելու դեպքում իրենք բունտ կանեն՝ փակելով բիզնեսները՝ պատասխանեց.

«Մենք բունտերից չենք վախենում, բունտերով չպիտի շարժվենք, մենք պետք է շարժվենք օրենքի տառը պահպանելով։ Եթե օրենսդրությունը լավը չի, պետք է փոխենք, դրա համար կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերին օրենսդրական փաթեթով գնալու է ԱԺ, իսկ մինչ այդ մենք պարտավոր ենք կիրառել օրենսդրության տառը։ Եթե հարկատուներին դուր չի գալիս, ապա կներեք՝ բայց մենք դուր գալ-չգալու, բունտ անելու կատեգորիաներով չենք շարժվում»։