Ըստ 2018-2019 ուսումնական տարվա հաստատված մասնագիտությունների ցանկի` Արցախ պետական համալսարանի  ընդունող հանձնաժողովում հայտագրվել է 344 դիմորդ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱրՊՀ-ի առկա ուսուցման համակարգում ընդունող հանձնաժողովի աշխատանքը մեկնարկել է մայիսի 5-ին և ավարտվել հուլիսի 23-ին:

 

«Աշխատատեղերի քանակը չի բավարարում շրջանավարտներին, քանի որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում մասնագիտական կողմնորոշման խնդիր կա: Շրջանավարտները, օգտվելով այսօրվա բարձրագույն կրթություն ստանալու մատչելիությունից, նաև իրենց ծնողների ուղղորդմամբ, մեծ մասամբ ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն` առանց հաշվի առնելու աշխատաշուկայի պահանջները: Կարծում եմ` այստեղ բոլորս անելիք ունենք»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը:

 

Ըստ 2018-2019 ուսումնական տարվա հաստատված  մասնագիտությունների ցանկի` առավելագույն թվով դիմորդներ են հայտագրվել հետևյալ մասնագիտությունների գծով. տարրական մանկավարժություն և մեթոդիկա՝34, իրավագիտություն՝ 33, հայոց լեզու և գրականություն-32, անգլերեն լեզու և գրականություն՝ 29, ֆինանսներ /ըստ ոլորտի/՝ 27, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝27: Այլ մասնագիտությունների գծով դիմորդների քանակը համեմատաբար քիչ է: Ընդհանուր առմամբ, 2018 թ. հայտագրված դիմորդների քանակը 2017 թ. համեմատությամբ նվազել է մոտավորապես 30%-ով:

 

Ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 16-20-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են թափուր տեղերի մրցույթին` լրացնելով նոր դիմում-հայտ: Թափուր տեղեր են մնացել բոլոր մասնագիտությունների գծով:

 

 Միլենա Մկրտչյան