Նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանի դեմ՝ իր պատիվն արատավորելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ավազահատիկ» ընկերության շուրջ ծագած քրեական գործին։
«Ես իմ պատիվը արատավորելու համար հայց եմ ուղարկել դատարան, որ տվյալ անձը պատասխանատվության ենթարկվի, առայժմ բարոյական վնասս վերականգնի: Թող հրապարակային ներողություն խնդրի իր հայտարարության համար: Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ, տվյալ անձնավորությունը ներողություն կխնդրի, որից հետո՝ եթե շարունակի, իրեն ֆինանսական տույժի էլ եմ ներկայացնելու և գումարն ուղարկեմ որևէ մանկատուն»,- հայտարարեց Ալիկ Սարգսյանը:
Սարգսյանը վստահեցրեց՝ տվյալ անձնավորությանը չի ճանաչում. «Ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, անգամ հեռախոսով հետը մեկ անգամ չեմ խոսել: Իր մասին լսել եմ ընդամենը «Ավազահատիկի» հայտարարության առնչությամբ, որի մասին խիստ զարմացել եմ, որովհետև ընդհանրապես տեղեկություն չունեմ»,- ասաց Ա.Սարգսյանը:
Նա հայտարարեց՝ ընդհանրապես առնչություն չունի այս գործին. «Ցավում եմ՝ առանց ստուգման, թե արդյոք առկա է համապատասխան հանցակազմ, իմ հետ դա ինչ առնչություն ունի, միանգամից հարուցում են քրեական գործ, որից հետո սկսում են ստուգումները: Բնականաբար, գործը կարճվելու է, որովհետեւ ես կապ չունեմ դրա հետ, բայց սկսում են հետևից, քանի որ գործը հարուցում են, մարդկանց վարկաբեկում են, շատերը հանիրավի ուրախանում են, հետո պարզվում է, որ դա չկա»,- նշեց պատգամավորը:
Սարգսյանի կարծիքով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս այս գործով որևէ պատասխանատվություն կրելու խնդիր չունի. «Նա տեղյակ չի, որքան ես հասկանում եմ: Նա չէր միջամտի ինչ-որ «Ավազահատիկ» և այլն: Բայց քանի որ քրեական գործ է հարուցվել, թույլ տվեք, թող քննությունը պարզի: Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու ձևն էլ գիտի»:
Հիշեցնենք՝ «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել է, որ 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Գեւորգ Գեւորգյանը 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: