«Իրատես» թերթը գրում է.
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքն ամբողջությամբ լծվելու է հաղթանակ գրանցելու գործին: «Իրատեսին» դաշինքի ներսից հայտնեցին, որ պատրաստվում են «մարտնչելու» նախկինում իրենց մաս կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
«Ճիշտ է, Հայաստանում հեղափոխություն կատարեց Նիկոլ Փաշինյանն իր թիմով, բայց մենք մտադիր չենք նահանջելու: Պայքարելու ենք, չենք ընկրկելու՝ ապացուցելով, որ մեր թիմն ավելի ուժեղ է թե՛ գաղափարապես, թե՛ մարտավարությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկացանք նաեւ, որ «Լույս» դաշինքի անդամները քարոզարշավից առաջ ակտիվորեն հանդիպումներ են կազմակերպել «թաղի տղաների» հետ ու բացատրական աշխատանք տարել նրանց հետ:
«Որեւէ մեկին գումար չեն բաժանել, չեն վախեցրել, ընդամենը հավաքել են թաղի ակտիվ երիտասարդներին ու «տղայականով» հորդորել՝ իրենց մեջքին կանգնել, որ հետո բոլորի համար լավ լինի»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: