Այս պահին դեռ շրջանառվում է Արամ Սարգսյանի անունը, որպես ԵԿՄ նախագահ, իսկ ԵԿՄ-ի կառուցվածքը փոխել` իմաստ չունի, չնայած որ` մի շարք անդամներ ուզում են փոխել: Այս մասին ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: 

Ըստ Ուլիխանյանի՝ ԵԿՄ-ն նախագահ կընտրի այս տարվա հոկտեմբերի առաջին կեսին: Համագումար է տեղի ունենալու, որի ընթացքում ընտրվելու են վարչության անդամներ, այնուհետև տվյալ  անդամներն էլ ընտրելու են նախագահ և փոխնախագահ, իսկ նախագահի թեկնածություն մինչև համագումարի նիստը դնել հնարավոր չէ. այդ օրն է առաջադրվում: 

«Շատ մարդիկ կարող են ասել, որ առաջադրվել են ԵԿՄ նախագահ, բայց նման բան չկա»,-ասաց Ուլիխանյանը: Հարցին, թե ում է իր քվեն տալու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ` Արամ Սարգսյանին, քանի որ նա մեծ ճանապարհ ունի անցած թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակական դաշտում, ազնիվ է: Ես ոչ միայն սատարելու եմ Արամ Սարգսյանին, այլև իմ բոլոր ընկերներին կոչ եմ անելու նրա օգտին քվեարկել և շատերը հենց նրան են տեսնում ԵԿՄ նախագահ»:

Նշենք, որ ԵԿՄ նախագահի պաշտոնի համար մեծ ջանքեր է թափում նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորների միությունը նախկինում ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը, սակայն ԱԱԾ-ի կատարած բացահայտումների և վերջինիս ձերբակալումից հետո ԵԿՄ-ականները որոշեցին նրան զրկել նախագահի պաշտոնից: Առաջիկայում տեղի կունենա ԵԿՄ համագումարը, որի ժամանակ պարզ կլինի նորընտիր նախագահի անունը: 

 

Արմինե Միքայելյան