Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելիս «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել Արմեն Կոտոլյանին, ով նաև «Իմ Քայլը» դաշինքի կազմում Երևանու ավագանու թեկնածու է:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Այսինքն՝ ինչպես տեսնում եք՝ անչափ կարևոր մի կառույց է և առնվազն տարակուսելի է, որ այս կառույցի ղեկավար է նշանակվում Նիկոլ Փաշինյանի հավատարիմ թիմակիցներից մեկը, ում սոցցանցային ակտիվությունը գալիս է ապացուցելու, որ վերջինս անչափ հեռու է ինչպես շուկայից, այնպես էլ դրա վերահսկողություն կոչվածից: Գուցե Կոտոլյանը նման շնորհի է արժանացել իր վառ ընդգծված պրոիշխանական և հակաքոչարյանական պահվածքի համա՞ր. ինչպես իր ֆեյսբուքյան էջից է երևում՝ Կոտոլյանը Քոչարյանի սկանդալային ասուլիսը տապալող ակտիվիստներից մեկն է: Եթե դա այդպես է ապա անչափ տխուր մի հեռանկար է բացվում Նոր Հայաստանի համար՝ մի «թայֆաբազությանը» գալիս է փոխարինելու մեկ այլ «թայֆաբազություն», երբ պաշտոնները զբաղեցնում են ոչ թե պրոֆիլային կամ ոլորտի ճանաչված մասնագետները, այլ այդ նշանակումները կատարվում են քաղաքական այս կամ այն նպատակահարմարությունից ելնելով:Կոտոյանը, ինչպես երևում է, ոչ առաջին, ոչ էլ վերջին նման կադրային նշանակումն է: Ամիսներ առաջ էլ ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանն էր պաշտոն ստացել. վերջինս նշանակվել էր Սփյուռքի փոխնախարարի օգնական: Թե որ արժանիքների համար՝ մնում է կռահել, դժվար թե Սփյուռքի նախարարությունում ստաժավոր «ճանապարհ փակողների» կարիք զգացվի, եթե, իհարկե, նախարարությունն այդ աստիճան ռեսթարթի չի ենթարկվել...
Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Ինչպես նաև նա վստահեցնում է. «իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր: Պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր քայլել են Փաշինյանի հետ հեղափոխության օրերին՝ անկախ նրանց պրոֆեսիոնալ մակարդակից: Իհարկե, կասեք՝ ավելի լավ է անփորձ երիտասարդները, քան Շմայսն ու մնացածները: Այո՛, դա այդպես է, սակայն մինչև ե՞րբ է Հայաստանը «յոլա գնալու» անփորձ երիտասարդներով, սեփական թիմին ամեն տեղ առաջ տանելու տրամաբանությամբ, «թայֆաբազությամբ»: Մի՞թե սա հենց այն չէ, ինչի դեմ պայքարում էինք…