«Քվեարկեցի հանուն մեր Երևանի, հանուն ՀՀ քաղաքացիների, հանուն կանաչապատ Երևանի, մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության»,- այս մասին այսօր, Երևանու ավագանու քվերակությունից հետո, ասաց քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը:

Քաղաքապետի թեկնածուն քարոզարշավի ընթացքը գնահատեց բավարար. «Ընտրությունը փոքր-ինչ քաղաքականացվեց և ավելի շատ գնաց դեպի վարչապետին սատարելու ուղղությամբ: Վարչապետի մասնակցությունը քաղաքապետական և ավագանու ընտրությունների ընթացքը շեղեց: Այսինքն՝ վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է: Երբ խոսվում է, որ վարչական լծակներ չպետք է օգտագործվեն, արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէր վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը ընտրություններին»,-ասաց Մանուկյանը:

 

Նրա խոսքով՝ թիրախավորումներ՝ դեպի իրենց քաղաքական ուժի կողմը՝ եղել է. «Թե ում կամ որ քաղաքական ուժի կողմից՝ չեմ կարող ասել: Երբ հայտնի դարձավ, որ ես եմ մեր ուժի թեկնածուն, ինչ-որ դեպքեր հիշեցին, կապեցին իմ անձի հետ, որը ինձ հետ ընդհանրապես կապ չուներ: Ասացին նաև, որ ես դուրս եմ եկել ընտրապայքարից և այլն»,- նշեց քաղաքապետի թեկնածուն: