Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված հարցերից էր, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հեղինակը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն է։ 

Ըստ օրինագծի՝ առաջարկվում է Հայաստանի Հան­րապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխու­թյուն, հա­մաձայն որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ պահելու ժամ­կետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

Զեկուցող, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ որպես օրինակ՝ եղել են մի շարք զարգացած պետություններ՝ ԲուլղարիանՄակեդոնիան, Ռումինիան, Շվեյցարիան և այլն։

«Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պա­տիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանա­վոր­ման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օր, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովան­դա­կու­թյուն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավո­րու­թյուն վերականգնել խախտված իրավունքերը և վնասի հատուցում ստանալ:  Բացի այդ, հարց է առաջանում՝ արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահ­մա­նափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում։ Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրա­վունք­ների ծավալը հիմնականում համընկնում է»,-ասաց Զեյնալյանը:

Նա նաև նշեց, որ Էական տարբերություններից է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք, սակայն այս առումով ՀՀ  ար­դարադատության նախարարությունը Մարդու իրավունք­նե­րի պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել է նախագիծ, որով երկարատև տե­սակ­ցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք:

«Հետևաբար, վե­րո­գրյալ վերլուծությունների արդյուն­քում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազա­տազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օր­վա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում»,-ավելացրեց Զեյնալյանը: 

Ըստ արդարադատության նախարարի՝ եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում անխու­ս­ափելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահ­մանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները:

«Ասվածը պայմանա­վոր­ված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնե­լուց հետո ազատատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժա­տե­­սակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմ­­նարկում դատապարտյալի կարգավիճակում: Սա իր հերթին կարող է նախագծի հիմնա­վորմամբ առաջ քաշված նպատակին հակասող ազդեցություն ունենալ, այն առումով, որ խա­փան­ման միջոցի ընտրության հարցում, ինչպես վերը նշվեց, կալանավորումը գրավիչ երանգ­ներ է ստանում և, հետևաբար, հղի է քրեակատարողական հիմնարկները կրկին ծան­րա­բեռ­նելու վտանգով»,-ասաց Զեյնալյանը։