«Նախագծի ընդունմամբ՝ մենք կխախտենք միջազգային հարթակներում մեր ստանձնած պարտավորությունները և առաջնահերթությունները ԵԱՏՄ շրջանակներում: Նախագծի ընդունմամբ՝ կստացվի, որ երրորդ երկրներից ստացված ներմուծումների համար ավելի մեղմ պայմաններ են սահմանվում, քան միության անդամ հանդիսացող երկրների պայմաններում, որը ուղիղ հակադրվում է ԵԱՏՄ մասին հիմնարար սկզբունքներին», - այսպես արձագանքեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովում քննարկվող Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում էր անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից ՀՀ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող 3-5 տարեկան մեքենաների համար ԱԱՀ սահմանել 10 տոկոսի չափով, իսկ 5-10 տարեկան մեքենաների համար՝ 5 տոկոսի չափով:
Կառավարարության տեսակետը ներկայացնող փոխնախարարը պնդեց, որ կառավարությունը մի շարք խնդիրներ է տեսնում օրենքի նախագծում: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը ոչ միայն կխախտի ԵԱՏՄ հետ ստանձնած պարտավորությունները, այլ նաև այս նախագիծը հակադրվում է ՀՀ հայտարարած քաղաքականությանը՝ աստիճանաբար գնալ անուղղակի հարկերի բարձրացման: Ընդգծելով ևս մեկ խնդիր, որ կարող է առաջացնել նախագիծը' փոխնախարարն ասաց. «Մեր հաջորդ դիտարկումն այն է, որ առաջարկության ընդունումը ռիսկային կարող է լինել հարկման հավասարության տեսանկյունից: Արդյունքում, այլ ապրանքների ներմուծման համար նույնպես ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափեր կիրառելու հարց կբարձրացվի, ինչը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների տեսանկյունից»:
Կառավարության պնդումներն ընդունվեցին հանձնաժողովի անդամների կողմից, օրենքի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: