Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան քննարկել է առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՏՀ լրատվության բաժինը, նիստի ընթացքում հավանության է արժանացել ԵԱՏՄ-ի ընդհանուր էլէկտրաէներգետիկ շուկայի հայեցակարգի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստա նի էներգետիկայի նախարարությունների ղեկավարության հետ, ինչպես նաև ԵԱՏՀ-ին առընթեր Էլեկտրաէներգետիկայի խորհրդակցական կոմիտեում:

 

 

Համաձայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի' մինչև 2019թ. պետք է ստեղծվի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա: Հայեցակարգում սահմանված են ապագա շուկայի ձևավորման նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը, սուբյեկտների և շուկային մասնակից կողմերի հարաբերությունների մեխանիզմը, ինչպես նաև դրա ստեղծման փուլերը:

 

 

Բացի այդ, հանդիպմանը հաստատվել է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում գրանցված փոխադրողների, մեկ անդամ երկրից մյուսը ավտոմեքենաներով բեռնափոխադրման 2016-2025թթ. փուլային ազատականացման ծրագիրը: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի անդամ երկրների փուլային գործողությունները՝ ուղղված 2016 թ. հունվարի 1-ից սահմանափակումների փուլային չեղարկմանը, որոնք գործում են Միության ողջ տարածքում կաբոտաժային բեռնափոխադրումների ոլորտում' անկախ փոխադրողի գրանցման երկրից:

 

 

Վերոհիշյալ փաստաթղթերը կներկայացվեն ԵԱՏՀ-ի խորհրդի քննարկմանը: