ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել: Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես մի քանի անգամներ տարբեր տարիներ առաջարկություն եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20 պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց մինչ դա դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,-ասաց Կոստանյանն ու հավելեց`իր վերջնական որոշումը կհայտնի մինչ դեկտեմբերի 15-20-ը:

 

Կոստանյանը նշեց` ներքաղաքական դաշտում մեջ իր դիրքորոշումը դրա հետ կապ չունի:

Գևորգ Կոստանյանն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ պատրաստ է օժանդակել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը: Նա Փաշինյանին որակել էր ազնիվ և պարկեշտ մարդ: