Հայաստանում հեղափոխական էյֆորիայի նահանջը տեսանելի դարձավ տեղական ընտրությունների պարագայում, որտեղ իշխանությանը, ըստ էության, չհաջողվեց խաղարկել «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզը, այլ խոսքով՝ հասարակությանը վախեցնել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործոնով։ Արդյունքն էլ Կապանում, Վերին Գետաշենում երեկ արձանագրված պարտություններն էին, որոնք լուրջ ահազանգ պետք է լինեն Փաշինյանի համար՝ համապետական ընտրություններին ընդառաջ:
 
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր այս կոնֆիգուրացիան թույլ չտալ, եթե ներքաղաքական օրակարգից ելնելով, ավելի ստույգ՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով, Քոչարյանից կամ հենց նույն Սերժ Սարգսյանից չստեղծեր «թշնամու» կերպար, որի միջոցով կարողանում է հասարակությանը կոնսոլիդացնել իր թիմի շուրջ՝ ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ «Սևերի» ու «սպիտակների» պարզունակ թեզը Նիկոլ Փաշինյանի թիմի համար խիստ բարենպաստ ներքաղաքական համատեքստ է ստեղծում երկրի ներսում, սակայն երկարաժամկետ կտրվածքով սա հարվածելու է հենց իշխանության դիրքերին: Կարելի է ասել՝ արդեն իսկ հարվածում է:
 
Այս տեսանկյունից, գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կարելի է ստրատեգիական անվանել, քանի որ դրանով Երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանին զրկում է իր կերպարից՝ ընդհանուր թշնամի կերտելու, ասել է թե՝ մանևրելու հնարավորությունից, միևնույն ժամանակ, քաջ գիտակցելով, որ այս պահին իր շանսերը բավականին ցածր են: Նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ին՝ այս քաղաքական ուժը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերջնական որոշում դեռևս չի կայացրել: Հաշվի առնելով ՀՀԿ-ի այսօրվա վարկանիշը, այն, թե ինչպես է հասարակությունն ընկալում կուսակցությանը, չի բացառվում, որ Քոչարյանի օրինակին հետևելով, հանրապետականները նույնպես զերծ մնան ընտրություններին մասնակցությունից։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, որ կար բարիկադներ կառուցելու ժամանակ, և կա բարիկադները քանդելու ժամանակը: Թվում է, որ ստեղծվում է ընտրության համար, այսպես ասած, իդեալական միջավայր, համերաշխ և հանդուրժող քաղաքական մրցակցության դաշտ, որտեղ իրենց հարմարավետ կզգան բոլոր ուժերը: Սակայն ՀՀԿ մասնակցությունը ենթադրելու է միջավայրի կամ ավելի շուտ հանրային տրամադրությունների ռադիկալացում, ինչը, միանշանակ, ձեռնտու է ներկա իշխանություններին: Սակայն եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի չմասնակցել, ապա կստացվի, որ գալիք համապետական ընտրություններում Փաշինյանը, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու, հակահեղափոխության սպառնալիքի խաղաքարտը խաղարկելու, ասել է թե՝ իրավիաճկը ի օգուտ իրեն ռադիկալացնելու հնարավորություն չի ունենա, իսկ երեկվա ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ դեպքում Փաշինյանի թիմի հաղթանակը անչափ համեստ է, բացի այդ, կարող են լինել նաև անակնկալներ՝ պարտությունների տեսքով:
 
Եթե հակահեղափոխական ուժերը մի կողմ են քաշվում, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու շատ լավ հնարավորություն է ստեղծվում: Այս դեպքում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, անկախ այն ֆորմատից, որով կմասնացի արտահերթ ընտրություններին, կհավաքի ձայների մոտավորապես 60 տոկոսը, երկրորդ տեղում կարող է հանգրվանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10-15 տոկոսով, երրորդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի «Լույս» դաշինքը, որը կարող է հավաքել 6-7 տոկոս, չորրորդ տեղում հայտնվելու հնարավորություն ունեն ՀՅԴ-ն, «Սասնա Ծռեր»-ը և վերջերս ակտիվացած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:
 
Մի բան ակնհայտ է՝ թավշյա հեղափոխության և վերափոխումների գաղափարը հասարակությանը միավորեց անցնող մի քանի ամիսներին և այդ գործընթացը իր տրամաբանական ավարտին կհասնի դեկտեմբերի արտահերթ ընտրություններով:
 
 
Ս.Խաչատրյան