ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ որևէ շուկայում չի եղել տնտեսվարող, որին պատկանի շուկայի 100 տոկոսը, ներկայում էլ չունենք նման տնտեսվարող: Խոսելով շաքարավազի ներմուծման մասին՝ Շաբոյանն ընդգծեց, որ այս պահին շաքարավազի շուկայում շուրջ 100 տնտեսվարող կա ու չկա մուտքի խոչընդոտում: Նա նկատեց, որ դաշտում գերիշող դիրք ունի «Ալեքս Հոլդինգ»-ը, մինչդեռ դրա ցուցանիշը նվազել է:
 
«Վերջին 4-5 ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծողների քանակն ու խմբաքանակը շատացել է: «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը մշտապես եղել է շուկայում և զբաղեցրել շուկայի 98 տոկոսը, այս պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս», - ասաց նա:
 
Ինչպես երևում է՝ Արտակ Շաբոյանի համար այս առումով իրավիճակ չի փոխվել: Ինչպես և նախկինում, այսօր նույնպես Շաբոյանը պահում է Սամվել Ալեքսանյանի թիկունքը: Լավագույն ավանդույթները շարունակվում են: Գերիշխող դիրքը նույն մենաշնորհն է, պարզապես այնպիսի մենաշնորհ, որի դեպքում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ թղթերով ամեն ինչ կարգին է, և դա է ամենակարևորը: Եվ դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանի օրոք տնտեսության մեջ մենաշնորհ հասկացությունը բացակայում էր, միայն ու միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ էին: Այսպիսի իրավիճակը հին Հայաստանում ինչ-որ տեղ հասկանալի է, իշխանությունները պահում էին իրենց օլիգարխների թիկունքը, վերջիններս էլ համապատասխան ծառայություններ էին մատուցում՝ ծառայելով ընդհանուր շահերին: Սակայն Նոր Հայաստանում իրերը պետք է իրենց անուններով կոչվեն, հակառակ դեպքում՝ ստացվում է՝ նոր իշխանությունները նախընտրել են գնալ Սերժ Սարգսյանի տրորած արահետներով…
 
Ս.Խաչատրյան