«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ժամանակին Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ էր, մի հանձնարարական իջեցրեց, որ բոլոր նախարարներն անպայման նիստից հետո իջնեն եւ պատասխանեն լրագրողների հարցերին։ Սրանից լրագրողները ոգեւորվեցին, բայց շատ արագ էլ հիասթափվեցին, քանզի նախարարների մեծ մասը շարունակում էր «ծլկել» ետնամուտքից։ Արդյունքում մնացին մի քանի «համարձակներ», որոնք չէին վախենում լրագրողների միջով անցնել ու հարցերին պատասխանել։ Նույնը շարունակվեց նաեւ Կարեն Կարապետյանի օրոք։
Թվում էր, թե իրավիճակը կփոխվի Նիկոլ Փաշինյանի ժամանակ, մեզ համար հասանելի կլինեն կառավարության բոլոր անդամները՝ վարչապետից սկսած, բայց, ավաղ, այդպես չէ։ Վարչապետը, ճիշտ է, լրագրողների հետ շփվող պաշտոնյա է, բայց նիստից հետո նա այլեւս չի իջնում ներքեւ, միայն նոր նշանակված ժամանակ էր իջնում լրագրողների կամ ցուցարարների մոտ։ Հիմա ոչ միայն վարչապետը չի իջնում, այլեւ նրա նախարարները։ Չի եղել մի դեպք, երբ նիստից հետո գլխավոր մուտքով իջնեն փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը։ Վերջինս իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում եւ մաքսիմալ քիչ է շփվում լրագրողների հետ, զբաղված է միայն անդրկուլիսյան ինտրիգներով։ Չեն իջնում նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրանք հեռանում են հետնամուտքից՝ նստելով կառավարության ներքին բակում կայանված իրենց մեքենաները։
Հիմնական իջնողներն են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Դրա համար էլ լրագրողները ստիպված են լինում երբեմն նրանց տալ հարցեր, որոնք նրանց կոմպետենցիայի շրջանակներում չեն։ Կարճ ասած՝ նույն իրավիճակն է, ինչ ՀՀԿ-ի օրոք»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում