ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հետ հանրությունը մեծ հույսեր էր կապում, այն պարզ պատճառով, որ թվում էր՝ հեղափոխությունը հասել է նաև այս կառույց և արդյունքում սպառողների իրավունքը ավելի պաշտպանված է լինելու, քան Հին Հայաստանում: Սակայն Գևորգյանի նշանակումից ի վեր այս կառույցի անունը մենք գրեթե չենք լսել, մինչդեռ ՏՄՊՊՀ նորաթուխ նախագահը հանրությանը մի շարք խոստումներ էր շռայլել, օրինակ՝ ուսումնասիրել բենզինի, ավիատոմսերի շուկան: Թե՛ բենզինի, թե՛ ավիատոմսերի շուկայի մասով մինչ օրս չկա որևէ վերլուծություն, որից ՀՀ հպարտ քաղաքացիները կհասկանան՝ որն է օրինակ՝ Երևան-Թբիլիսի ավիատոմսերի թանկացման պատճառը: Երևան-Կրասնոդար չվերթը հոկտեմբեր-սեպտեմբեր ամիսների համեմատ մոտ 10 հազար դրամի չափով թանկացել է: Ավելին՝ այս օրերին նույնպես նշված չվերթի գները տատանվում են, օրինակ՝ այն հիմա արժե 77 հազար 474 դրամ, մինչդեռ նախօրեին այն կազմել է 79 հազար դրամ: Օրինակ՝ ավելի քան 20 հազար դրամով բարձրացել են ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Ամերիկա տոմսերը: Գեղամ Գևորգյանը և իր կառույցը գիտե՞ն վերոնշյալ թանկացումների պատճառները, ուսումնասիրե՞լ են: Ուսումնասիրե՞լ են դիզվառելիքի շուրջ 30 դրամով թանկանալու պատճառները: Ինչպես երևում է, ոչ, քանի որ գնաճը շարունակվում է, իսկ այս կառույցը շարունակում է դեկորատիվ բնույթ կրել»:
Գևորգյանը Արտակ Շաբոյանի արժանի հետնորդն է, ով նախընտրում է չնկատել մոնոպոլիստներին, գերիշխող դիրք զբաղեցնողներին: Ընդ որում, ՏՆՊՊՀ երկու նորաթուխ անդամները Գևորգյանի հետ այս առումով նույն ալիքի վրա են: Բանն այն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, ՍԱՊԾ պետի տեղակալ Ճաղարյանը 2009-2016 թվականներին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային, դեղորայքով և բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետն է եղել։ Տավարի մսի փոխարեն բանակին գոմեշի միս մատակարարելու հետ կապված քրեական գործը հարուցվեց 2012 թվականի հունիսին՝ Ճաղարյանի պաշտոնավարման ժամանակ։ Արդյո՞ք դա որևէ մեկի մոտ մտահոգություն չի առաջացրել: Ինչ վերաբերվում է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության նախկին աշխատակից Կարեն Սեդրակյանին, ով ՏՄՊՊՀ ընտրված երկրորդ անդամն է, ապա նրա վերջին պաշտոնը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սեդրակյանը ևս որոշ առնչություն ունի բիզնես-աշխարհին. նա դուռ-պատուհան արտադրող «Պրոֆ ալ» ընկերության ղեկավար Արթուր Սահակյանի փեսան է։ Ինչպե՞ս կարող են բիզնես շահեր ունեցող անձինք օբյեկտիվորեն պաշտպանել սպառողների շահերը, ապահովել տնտեսության մեջ մրցակցային բաղադրիչը, եթե իրենք հանդիսանում են պոտենցիալ շահառու կողմերից մեկը…