Երևանից Գյումրի տեղափոխված ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերը վաճառվում են. դժգոհում են քաղաքացիները: Նրանց խոսքով՝ գիշերվանից հերթ են պահում, որ շուտ սպասարկվեն, բայց ժամեր անց պարզում են, որ իրենցից առաջ գրանցված 30 հոգին, չգիտես ինչպես, դարձել է 300-ը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն ասաց, որ խոսակցությունների մասին տեղեկացրել են ոստիկանությանը. «ՊԵԿ-ը պատասխանատու է մաքսատան գործառույթների պատշաճ իրականացման համար, ինչն էլ բարձր մակարդակով իրականացնում է։ Այսօր Գյումրիում օրական մաքսազերծվում է մոտ 500 մեքենա։ Սպասարկումն իրականացվում է արագ, առանց ավելորդ քաշքշուկների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։ Ինչ վերաբերում է տեղի բնակիչների կողմից հերթեր վաճառելու հետ կապված լուրերին, նման խոսակցությունների մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը՝ խնդրելով մաքսատան տարածքից դուրս իրականացնել հսկողական աշխատանքներ ու սահմանել կարգ ու կանոն»,- ասաց նա։
Ըստ տեղեկությունների՝ մարդիկ գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով հերթ են պահում և ցանկացողին պահած տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով:
Մենք ոստիկանությունից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ դեպքեր բացահայտվե՞լ են, թե ոչ. «Այս օրերի ընթացքում նման 2 դեպք է արձանագրվել, որոնցից մեկն այսօր առավոտյան: 2 դեպքով նյութեր են նախապատրաստվում: Տեղում շուրջօրյա ծառայություն է իրականացվում ոստիկանության աշխատակիցների կողմից հասարակական կարգն ապահովելու նկատառումներով: Հերթում կանգնած վարորդների հետ տարվում են բացատրական աշխատանքներ»,- մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա հայտնեց նաև, որ նախկինում ևս նման դեպքեր գրանցվել են:
Սոնա Հարությունյան