Որոշումը կայացված է, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

 Նա ասաց, որ կուսակցության քաղաքական թեւը ներկայացված կլինի ցուցակում։  

 

«Մենք շատ հետաքրքիր գործընթացի միջով ենք անցնում. դա կարգավիճակի տրանսֆորմացիան է իշխանություն լինելուց հետո»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ  Հանրապետական կուսակցությունը, նոր կարգավիճակով, որպես ընդդիմադիր ուժ կուսակցության գիտելիքը և փորձը երկրի առաջընթացի երկրի համար օգտագործելու ուղիներն է որոնում։

Նրա խոսքով`ՀՀԿ խորհուրդը քննարկել է շատ կարևոր փաստաթուղթ, որը նախագծի տեսքով ամրագրում է Հանրապետական կուսակցության մոտեցումները երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին, գործող Կառավարության գործունեության արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում է ՀՀԿ-ն՝ քաղաքականության և գաղափարական մոտեցումների տեսակետից: