Տավուշի վարզի Բերդավան համայնքի մի խումբ բնակիչներ, փակելով Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը, բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին։
Ակցիայի մասնակիցները կոչով դիմում են ՀՀ կառավարությանը և պահանջում` ամեն գնով Կարեն Ղազարյանին վերադարձնել իր ծնողներին։
Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ բողոքի ակցիան ինքնաբուխ է, իսկ հավաքվածները գերեվարված Ղազարյանի ծնողները, հարազատներն ու մտահոգ համագյուղացիներն են։
«Կարեն Ղազարյանի ծնողներն ու հարազատները մտադիր են ցույցը դեռևս շարունակել, նրանք չեն հանգստանա, մինչև կառավարությունը տղային չվերադարձնի։ Ես այս պահին գնում եմ նորից իրենց կողքին լինելու և տեղում նաև կհասկանամ, թե ինչպես կդասավորվի իրավիճակը»,- մանրամասնեց Բերդավանի համայնքապետը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում և վերջիններս տեղեկություն էին տարածել, թե իբր սահմանին 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանին են գերեվարել: Սակայն, շատ չանցած ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Կարեն Ղազարյանը երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:
Արմինե Միքայելյան