Հայաստանում խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են: Ներկայացված քաղաքական ուժերից միայն 3-ն անցան խորհրդարան: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, չնայած սպասումներին, հավաքեց 1,82 տոկոս կամ 22 868 ձայն: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրուցում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իրենք համոզված էին որ կանցնեն խորհրդարան. «Այն, ինչ եղավ` ունի իր պատճառները». երկրից դուրս կար դրված խնդիր` «Սասան Ծռերին» արգելելու, որ Ազգային ժողովում հայտնվենք: Խոսքը ՌԴ-ի մասին է: Նրանք մեր երկրում ունեն բազմաթիվ լծակներ և այդ լծակներն ի գործ դրեցին և′ քարոզչական, և′ թաքուն վարչական միջոցներով, և′ հրահանգներով: Դա պատճառներից մեկն էր, բայց շատ-շատ կարևոր էր»,-ասաց Ենիգոմշյանը:

Նա ձախողման մեջ տեսնում է նաև կուսակցության սխալները, որոնք, ըստ նրա՝ պետք է կուսակցության ներսում ուսումնասիրեն, քննարկեն, հասկանան` որտեղից են գալիս դրանք. «Ցանկացած ձախողումից հետո, ձախողված կողմը պետք է իրեն հարց տա` արդյո՞ք իր կողմից  սխալներ չեն եղել: Բնականաբար դա էլ կա. եթե մեր կողմից եղել են սխալներ, մենք պետք է ապագայի համար ուղղենք»,- նշեց նա և հավելեց, որ ձախողման պատճառն է նաև ժամանակի սղությունը:

«Սասան Ծռեր»-ը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, այլ պատրաստվում է արտախորհրդարանական գործունեություն ծավալել և լինել ընդդիմություն` ինչպես Ենիգոմշյանն է նշում` ըստ իրենց սկզբունքների.

«Մենք ընդունում ենք այդ ընտրությունների արդյունքները, մենք այնպիսի խնդիր չենք դնում, որ այս նոր ձևավորված ԱԺ-ն լեգիտիմ չէ: Չնայած՝ ափսոսում ենք այս կազմի համար: Հատկապես ափսոսում ենք այն բանի համար, որ իրական ընդդիմություն չի լինելու խորհրդարանում: Դա վտանգավոր և մտահոգիչ է: Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր հակակշիռը: Անհրաժեշտ է առողջ և կառուցողական ընդդիմությունը: Այն  ընդդիմությունը, որը լինելու է ԱԺ-ում, շատ առումներով ձևական է լինելու. դա իշխանություններին դուր գալու կամ փշրանքներ պոկելու ընդդիմություն է լինելու»,-նկատեց Ենիգոմշյանը:

«Սասնա Ծռեր» խմբավորումը 2016 թվականի հունիս ամսին հայտնեց ՊՊԾ գունդը գրավելու մասին, որի հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Հարցին` ինչպիսի իրավիճակում «Սասան Ծռերը» կրկին կդիմի զենքի օգնությանը, Ենիգոմշյանը պատասխանեց.

«Ներկայում նման խնդիր չի դրվում: Մենք ասել ենք` զինյալ պայքարի էջը փակված է, մենք ճանաչում ենք այս ընտրություններիը լեգիտիմ և ազատ: Ընտրությունների արդար լինելու կապակցությամբ ունենք վերապահումներ, որը ոչ միայն մենք ունենք. դրանց մի մասն օբյեկտիվ է, մի մասը` սուբյեկտիվ: Բայց մենք ընտրություններն ու այսօրվա իշխանությունը համարում ենք լեգիտիմ, հետևաբար, նման պայմաններում զենքի դիմելու խնդիր ընդհանրապես չի դրվում»,- նկատեց Ենիգոմշյանը, սակայն հավելեց, որ տեսականորեն՝ ցանկացած երկրում, որտեղ կա բռնատիրություն, այդ երկրի հասարակությունը, ժողովուրդը, այդ երկրի քաղաքացիները պարտականություն ունեն ապստամբելու այդ բռնատեր իշխանության դեմ.

«Այդ ապստամբությունը պետք է լինի խաղաղ, բայց եթե խաղաղ դիմադրության առջև ճանապարհները փակվում են, բռնի ապստամբություն անելը լինում է լեգիտիմ, սակայն սա չի վերաբերվում Հայաստանին. այստեղ այսօր նման վիճակ չկա, և հեռանկարում չի երևում նման հավանականություն»,- ամփոփեց նա:

Արմինե Արմենակյան