«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր հայտարարություն տարածեց, որով բոլորին, անկախ կուսակցական պատկանելիությունից, հրավիրում է մաս կազմելու իրենց նախընտրական ցուցակին և «ստվերային կառավարությանը»: 

Ըստ կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի՝ ստվերային կուսակցությունը միջազգային կատեգորիա է. այն ընդդիմության հավանական կառավարության կազմն է, որը պետք է ունենա  քաղաքական յուրաքանչյուր ուժ: 

«Ստվերային կառավարությունը խորհրդարանում զուգահեռ աշխատում է գործող կառավարության դիմաց: Մենք նախապես մեր ցուցակն ու կառավարության հավանական կազմը կառուցում ենք, սա դեմ քայլ չէ վարչապետ Փաշինյանի կառավարությանը»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ իրենց նման ընդդիմադիր ուժն իր շարքեր է կանչում տարբեր կուսակցության անդամների, որոնց թվում է վերջիններիս «թշնամի կուսակցությունը», ի դեմս ՀՀԿ-ի, Ավետիսյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, թե ինչու եք նման հարց տալիս, խոսքը չի վերաբերում այն մարդկանց, որոնք մասնակցել են որոշումների կայացմանը, մեր խոսքը շարքային անդամների մասին է, որոնք չեն մասնակցել թալանին, բայց ՀՀԿ կամ ՀՅԴ անդամ են եղել: Ցանկացած ուժ պետք է նախընտրական շրջանում ձևավորի իր մասնակիցների թիվը և մոտավոր պատկերացում կազմի խորհրդարանական կազմի մասին»: 

Հարցին, թե կադրերի խնդիր ունի՞ «Սասնա Ծռերը», որ քաղաքական մյուս ուժերի անդամների օգնությանն է դիմում, Վարուժան Ավետիսյանը կրկնեց այն, ինչն արդեն ասել էր. առանց որեւէ նոր բան հավելելու:

 

Իսկ թե առաջիկայում սպասելի՞ է արդյոք «Սասնա Ծռեր»-«Ծառուկյան» կոալիցիան, քանի որ խմբակցության անդամներն ակտիվորեն միջնորդություններ էին ներկայացնում Ծռերի խափանման միջոց կալանքը փոխարինելու համար, ինչպես նաև գումար էին տրամադրել գրավի հետ կապված խնդիրները կարգավորելու, Ավետիսյանը խուսափողական պատասխանեց .«Դե գիտեք, դա մարդասիրական քայլ էր պարզապես, և այդտեղ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ. ուղղակի, նորմալ քայլ է դա, իսկ այդ գումարները միևնույնն է՝ ետ են գալու, դրանք անվերադարձ գումարներ չեն»:

Մեր պնդմանը՝ կոալիցիա կազմելո՞ւ եք, թե՝ ոչ՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց.

«Ո՛չ, մենք «Ծառուկյան» խմբակցության հետ կոալիցիա չենք կազմելու»:

Արմինե Միքայելյան