Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում օրենքը մեկնաբանելով, նշեց.«Եթե գործը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով, մարդն ունենում է արդարացվածի կարգավիճակ, և քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել, իսկ պետությունը պարտավոր է հատուցել այդ մարդու ծախսերը»:

Փաստաբանը նաև նշեց, որ նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Ըստ օրենքի՝ քննարկման ժամկետը՝ մեկ ամիս: Մեկ ամսից կստանանք պատասխանը: Միևնույնն է իրենք հատուցումը տալու են, ներողությունը խնդրելու են: Դա օրենքն է ասում: Թող Կենտրոնի դատավորից այդ փողը գանձեն իր ապօրինի քրգործի համար: Մենք չենք ասում բյուջեից տվեք, մենք ասում ենք՝ մեղավորին գտե՛ք, մեր փողը տվե՛ք»,-ասաց Սիրունյանը:

 

Ալեքսանդր Սիրունյանը վերջում հավելեց. «Չէի ցանկանա մեր նոր կառավարաությանը դատի տվողների շարքում լինել»:

Նշենք, որ փաստաբանները մեղադրվում էին Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հորը՝  Սամվել Բարխոյանին գրավով ազատելու գումարը խարդախությամբ հափշտակելու մեջ: Նրանց հանդեպ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):