Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ եթե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում չկարողանա կազմել կոալիցիոն կառավարություն, ապա այդ գործը կհանձնվի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Փոխվարչապետը նշել է, որ թեպետ կառավարություն կազմելու համար նախատեսված 45-օրյա ժամկետը նոր է սկսվել, սակայն Դավութօղլուն չի պատրաստվում մինչև վերջ այն օգտագործել: Արընչի համոզմամբ՝ վարչապետը երկու փուլով հանդիպումներ կունենա կուսակցությունների հետ, ինչից հետո կկազմի կառավարություն: «Եթե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չհաջողի կոալիցիոն կառավարություն կազմելու գործում, ապա այդ պարտականությունը կվերադարձնի: Նրանից հետո այդ գործը կստանձնի Քեմալ Քըլըչդարօղլուն: Նա էլ իր աշխատանքներն առաջ կտանի»,- ասել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ իրենք ժամանակի վրա խաղալու մտադրություն չունեն:
Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել հանրապետության 63-րդ կառավարությունը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրվա ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: