Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու նախաշեմին հայտարարություն է արել՝ ուղղված մեջլիսի կուսակցություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ստամբուլի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը հաջողություն է մաղթել վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին, ում հանձնարարվել է կառավարություն կազմելու գործը:

 

Նախագահը նշել է, որ «երկիրը նոր կոալիցիոն կառավարության կարիքն ունի, որը ոչ թե կկենտրոնանա անցյալի վրա, այլ կգտնի առկա խնդիրների լուծումը և ջանքեր կներդնի Թուրքիայի բարեկեցիկ ապագայի կառուցման համար»: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ այս հարցում մեջլիսի կուսակցությունների վրա պատասխանատվության մեծ բաժին է ընկած:

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել հանրապետության 63-րդ կառավարությունը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: