Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին նոր, ստվերային Կառավարության կազմի անունների մեջ հնչել էր նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը:

Այսօր ԱԺ-ում լրագրողները Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա վերաբերում հիշյալ առաջարկին: Ի պատասխան, Ս. Դեմիրճյանն ասաց. «Ես շնորհակալ եմ այդ մարդկանց, ովքեր առաջարկել են իմ թեկնածությունը, բայց ես նման Կառավարություն ստեղծելու կողմնակից չեմ»:

Ինչ վերավերում է Երևանի ավագանու ընտրություններին ՀԺԿ հնարավոր մասնակցությանը, ապա նա ասաց. «ՀԺԿ-ի տեսակետն այս առումով հստակ է և, ըստ էության, արդեն արտահայտել է: Մենք նպատակահարմար էինք համարում մասնակցությունը միասնական ուժեղ ցուցակով, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, ՀԺԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբման մասին»:

Ս. Դեմիրճյանն անդրադառնալով այս օրերին Ազատության հրապարակում կատարվող գործընթացներին' ասաց. «Գիտեք, մարդիկ դուրս չեն գա, չեն բողոքի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն, ես բազմիցս եմ ասել դա: Որևէ քաղաքական ուժ չի կարող զանգվածային հանրահավաքներ անցկացնել, եթե ժողովրդի արժանապատվությունը վիրավորված չլինի, եթե ժողովուրդը հավատա ընտրությունների արդյուքներին»:

Հարցին, թե մարդիկ չե՞ն հասնի իշխանափոխության, ինչին այսօր ձգտում են, Ս. Դեմիրճյանը պատասխանեց. «Կանխատեսումներ անել ես չեմ ուզում, սակայն մեկ բան, ի վերջո, պետք է հասկանան այս իշխանությունները. ամեն կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, նպաստում է արտագաղթի աճին, խորացնում է հասարակության բարոյալքումը: Սա պետք է հասկանան և չկեղծեն ընտրությունները»:

Պատգամավորի խոսքով' կեղծված ընտրությունների հետևանքները կարելի է չեզոքացնել նոր ընտրությունների անցկացմամբ: