«Ես ինձ շատ լավ եմ զգում, ակտիվորեն մասնակցելու եմ նիստերին: ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները եւ, մասնավորապես, ՀԺԿ-ն պետք է փորձեն ՀԱԿ գործունեությունը դարձնեն առավել արդյունավետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա նշել է, որ չի պատրաստվում դուրս գալ ՀԱԿ-ից: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա ՀԺԿ ղեկավարը նշել է. «ՀԺԿ-ն այն կուսակցությունն է, որը մշտապես ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրություններին, եւ որի պաշտպանած թեկնածուները փաստացի հաղթել են նախագահական ընտրություններում, այս անգամ չի մասնակցում ընտրություններին»: Հրանտ Բագրատյանին սատարելու վերաբերյալ ՀԱԿ-ի որոշմանն անդրադառնալով' Ստեփան
Դեմիրճյանը նշել է. «Եթե կազմակերպվեին ազատ եւ արդար ընտրություններ, եթե պատժված լինեին նախորդ ընտրություններում կեղծիքներ ու բռնություններ հրահրած անձինք, եթե պատասխանատվության ենթարկվեին Մարտի մեկի սպանդի մեղավորները, ապա ամեն ինչ այլ կլիներ, բայց սա չի նշանակում, որ, ի վերջո, մենք ենք դադարեցնում մեր քաղաքական մասնակցությունը»: ՀԺԿ-ն բարոյական պատասխանատվությո՞ւն է զգում, որ դուրս չի գալիս ՀԱԿ-ից հարցին, Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. «Մենք միշտ էլ ամեն ինչ արել ենք ուժերի համախմբման համար, միշտ էլ ՀԺԿ-ն եղել է համախմբող ուժ, եւ ՀԱԿ-ի գործունեութունը դրանից էլ բխում է»:
Անդրադառնալով ԱԻՄ առաջնորդի դեմ կատարված մահափորձին' ՀԺԿ ղեկավարը նշեց. «Պետք է ամեն ինչ արվի, որ այն բացահայտվի, ինչ վերաբերում է դեպքին, ապա ես առողջություն եմ մաղթում Պարույր Հայրիկյանին եւ հույսով եմ, որ իրավապահ մարմինները կբացահայտեն հանցագործությունը»:
Ստեփան Դեմիրճյանը չի ցանկացել մեկնաբանել այն հարցը, թե ում դեմ էին ուղղված այդ կրակոցները:
Փայլակ Ֆահրադյան