ՀԱԿ կուսակցության համագումարի ժամանակ ելույթի խոսքով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Ստեփան Մարգարյանը:
Նա նշեց, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նախաձեռնությամբ, ինչը արդիական է նաեւ այսօր: Եւ որ ԲՀԿ-ն ողջունում է քաղաքական համախմբումը' երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով: Նա օրինակ բերեց միասնական շտաբի գործունեությունը՝այն համարելով հաջողված:

ՀԱԿ կուսակցության համագումարին ելույթի խոսքով հանդես եկավ Ստեփան Դեմիրճյանը, ով ասաց, որ հայ հասարակությունը հիմա, առավել քան երբեւէ, ակնկալում է ընդդիմադիր կուսակցությունների համատեղ աշխատանք, ինչը անխուսափելի է եւ անհրաժեշտ է երկրում օրինական կարգ հաստատալու համար: Նա նաեւ ողջունեց դահլճում ներկա գտնվող պատվիրակներին:

«Հայաստանի ժողովրդական կուսակցության անունից ողջունում եմ համագումարի մասնակիցներին եւ մաղթում արդյունավետ աշխատանք եւ հաջողություն՝ նաեւ մայիսին սպասվելիք Երեւանի ավագանու ընտրություններում: Տարիներ շարունակ իրականացող քաղաքականության հետեւանքով մեր երկիրը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ, շարունակվում է արտագաղթի աճը: Եւ եթե չիրականացվեն արմատական համակարգային փոփոխություններ, այլեւս անհնար է: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն ջանքերը օրինականություն հաստատելու համար: Սա է ակնկալում հասարակությունը: Հայաստանի Ժողովրդական կուսակցության անունից ուզում եմ հավաստիացնել, որ պատրաստ ենք համագործակցել թե´ նոր ձեւավորվող կուսակցության, եւ թե´ դաշինքի մեջ մտնող մյուս բոլոր կուսակցությունների հետ՝ հանուն ժողովրդի առաջընթացի»,-հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը:

Քրիստինա Մկրտչյան