ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրություններին, հայ ժողովուրդն ապացուցեց, որ մտադիր չէ նվաստացած ապրել իր երկրում և թույլ չի տա բռնանալ իր կամքի վրա։
Ըստ նրա, այս ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը։
«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են։ Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ չեն բացահայտվել նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները, պատասխանատվության չեն ենթարկվել «Մարտի 1-ի» սպանդն իրականացնողները»,- ասաց նա։
Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ հենց փետրվարի 18-ին մեր հասարակությունը մերժեց այս վարչախմբին, որի կառավարման տարիներին իշխանությունը մարդկանց դատապարտեց անհուսության և արտագաղթի:
«Փետրվարի 18-ին ժողովուրդը «ոչ» ասաց երկրում առկա օլիգարխիկ համակարգին, կեղծիքին, ընտրակաշառքին և վերատիրացավ իր արժանապատվությանը: Ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մտադիր չէ նվաստացած ապրել իր երկրում և թույլ չի տա բռնանալ իր կամքի վրա: Մարդիկ փոփոխություններ են պահանջում և այդ փոփոխությունները պետք է սկսեն ժողովրդի քվեն ստացած իշխանության ձևավորումից»,- հայտարարեց նա։
Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ ՀԺԿ-ն ինչպես միշտ կլինի ժողովրդի կողքին և կշարունակի պայքարել հանուն արդարության ու հաղթանակի: