ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` «Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել Հայաստանի քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը հասնելու համար: Վարչապետն այս մասին խոսեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագրի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:
«Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել` հասնելու ՀՀ քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը` հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության ու կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ինքնուրույնության պահպանման և զարգացման, հայ ժողովրդին ՀՀ իշխանության կրողի անօտարելի լծակներով օժտելու և Հայաստանի` հայ ժողովրդի համար բնակության և զարգացման լավագույն և գերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև մեկ այլ հարցի, նկատելով, որ վերջին ութ ամիսներին անընդհատ շոշափվում են ազգային, ապազգային, ազգային եկեղեցի, ազգային դպրոց հասկացությունները: «Այս հասկացություններում պետք է շատ լուրջ ճշգրտումներ մտցնենք, թե ինչ են նշանակում: Այն մարդիկ, ովքեր փորձում են Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, պետք է հայ առաքելական եկեղեցու պատմությունն ու որոշ կարևոր դրվագներ իմանան»,-նշեց Փաշինյանը: