Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը:
Մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Արաբկիրի բաժինների և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, համագործակցելով ՔԿՀ աշխատակիցների հետ, իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում Հայկ Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հայկ Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը փետրվարի 18-ին` ժամը 15։30-ի սահմաններում, հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի: