Երևանի «Հաղթանակ» զբոսայգու (Մոնումենտ) ամիջապես դիմաց՝ անտառում, մի շարք օլիգարխների դղյակների հարակից փոքրիկ կանաչապատ հողակտորում այս օրերին ծառահատումներ են իրականացվել: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Մարինա Խաչատրյանն, ըստ երևույթին, հերթական շինությունն է կառուցվում:
«Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են կտրվել ծառերը, ո՞ւմ էին խանգարում դրանք: Տարածքին կից շինարարությունը տեսնելով՝ հասկանալի է դառնում, որ այստեղ ևս շինարարություն է նախատեսվում: Ես հարցում եմ ուղարկելու քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հասկանալու, թե ո՞ւմ է պատկանում այս տարածքը և ո՞վ է կատարել այս հանցագործությունը: Ո՞վ է թույլ տվել, որ ծառերը կտրվեն: Բնական է՝ առանց քաղաքապետարանի թույլտվության ոչինչ չէր կատարվի և համապատասխան պատասխանատու անձինք, այդ թվում՝ քաղաքապետը, պետք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար: Այնպես չէ, որ միայն կացինը ձեռքը վերցրած մարդը պետք է պատժվի»,- ասաց նա:
Նա հարց բարձրացրեց՝ մի տեղում բետոնը քանդում են, որ ծառ տնկեն, մեկ այլ տեղում ծառ են կտրում, որ բետոնապատե՞ն. «Պարո՛ն Մարության, մի ժամանակ այս նույն գործառույթը Տարոն Մարգարյանն էր անում, եթե էդպես է, թող ինքը մնար, էլ ինչո՞ւ էինք դուրս գալիս՝ կռիվ անում նրա դեմ, էլ ինչների՞ս էր պետք նրա տեղում Ձեզ դնելը: Դուք եկել եք կարգի բերելու, բայց անում եք գուցե ավելի վատը, շարունակում եք այն հանցագործությունը, ինչ արել են նախկինները, դեռ մի բան էլ ավելի վատ: Ես ակնկալում էի, որ դուք էստեղ պետք է լինեիք, արձագանք լսեի, իմանայինք՝ դուք ով եք, մկնիկի նման պախկվել եք պատերի արանքում, որ ի՞նչ անեք»,- քաղաքապետին դիմեց Խաչատրյանը: