Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչները ահազանգում են, որ գյուղապետ Լևոն Գրիգորյանի որդին՝ Վոլոդյա Գրիգորյանը գյուղին պատկանող հողատարածքներից հող է գողանում և վաճառում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրուցում հայտնեց համայնքի բնակիչներից մեկը, որը նշեց, որ գյուղապետի որդին սովորաբար գիշերներն է հողը գողանում և վաճառում Հյուսիս- հարավ ավտոճանապարհին. «Հող տեղափոխող վարորդին ամեն տեղափոխումից տալիս են 15 հազար դրամ, իսկ գյուղապետի որդին յուրաքանչյուր տեղափոխումից ունենում է 70․ 000 դրամ։ Վոլոդյա Գրիգորյանը Մերձավանում ունի մի քանի արտադրամասեր, և այդ արտադրամասերի անվան ներքո էլ տեղափոխում են հողը։ Խնդրին անգամ տեղյակ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, որը գիշերով եկել, բռնացրել է հող տանելիս և ասել է՝ ձեր տերերին ասեք՝ ինձ հետ կապնվեն, բայց կարծես մինչև հիմա ոչ մի արձագանք չկա։ Դադարել էր մի շրջան, բայց հիմա նորից հողը տանում են»,- ասաց համայնքի բնակիչը։
Խոսելով խնդրի նախապատմությունից՝ համայնքի բնակիչը նշեց. «Մերձավանն ունի բնակչությանը պատկանող հողատարածքներ։ Նախկինում դրանք ավելի թանկ գնով վաճառվել են բարձրաստիճան պաշտոնյաներին, և դա տեղի է ունեցել գյուղապետի նախաձեռնությամբ։ Հիմա հողատարածքներ կան, որոնք դեռ վաճառված չեն, բայց Երևանի նախկին թաղապետ Գրիգոր Գրիգորյանի և քրեական աշխարհում հայտնի Ժիրայր Բրուտյանի (Ժիրո Շահումյանսկի) գլխավորությամբ, նույնը հիմա է կատարվում: Իրենց միջոցով հյուսիս-հարավ ավտոճանապարհին այս հողերը վաճառվում են»,- պատմեց մեր զրուցակիցը։
Բնակիչներին վրդովվեցնում է այն, որ իրենք հստակ իմանալով, որ գյուղին պատկանող հողակտորներ կան, դիմում են գյուղապետին՝ տարածք տրամադրելու համար, սակայն վերջինս մերժում է․ «Մարդիկ մոտեցել են գյուղապետին, ասել են տարածք չունենք, գոնե տվեք դոմիկ դնենք-ապրենք, բայց գյուղապետն ասել է՝ տարածք չունենք, եկեք գյուղապետարանում դրեք։ Իսկ գյուղն ունի հողեր, սակայն նրանք մերձավանցիներին չեն վաճառում այդ հողերը»։
Համայնքի բնակիչը հայտնեց, որ այժմ վերոնշյալ հողերի համար աճուրդ է կազմակերպվել, սակայն ինչպես նա է նշում՝ ծիծաղելի գներով․ «Մերձավանում լիճ ունեինք, որը ցամաքել էր, հիմա փակել են։ Լևոն Գրիգորյանը աճուրդ էր կազմակերպել և 100 հազար դրամով իր հարազատ եղբոր վրա այդ հողը վաճառել։ Մարզպետարանից ստուգողներ եկան, պարզվեց, որ արյունակից բարեկամը չի կարող մասնակցել աճուրդին։ Եվ աճուրդը չեղյալ էր հայտարարվել»,- ասաց համայնքի բնակիչը։
Նա նաև նշեց, որ Նարեկ Մկրտչյանը խնդրի մասին հայտնել է մարզպետարանին և համայնքի ղեկավարին կանչել են այնտեղ բացատրություններ տալու, սակայն դրանից հետո էլ գյուղապետի որդին շարունակում է հողը հանել․ «Նրանք բիզնեսը չեն ցանկանում թողնել ոչ մի րոպե։ Անգամ օդն են ուզում գյուղից գողանալ»,-ասաց համայնքի բնակիչը: