ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով, «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ի բաժնետեր, իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոն դիմում է տվել ոստիկանություն, որ ընկերության մյուս բաժնետերերի կողմից խաբեությամբ իրենից գումար են հափշտակել: Պասսարիելլոն, մասնավորապես, գրել է, որ ընկերության գործունեության ընթացքում մյուս բաժնետերերը թաքցրել են ընկերության իրական ֆինանսական շարժը և իրեն չի տրամադրվել իր հասանելիք եկամուտը։

Արդյոք վերոնշյալի վերաբերյալ քրեական գործ հարուցվել է քննչական կոմիտեում, թե ոչ՝ մեր հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն ասաց․ «Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, Քրեական գործի նախաքննությունը իրականացնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե, որը նույն օրն ընդունվել է վարույթ: Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դիմումի մեջ նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:
 
ԼՈւՐԵՐ․com-ը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից փորձեց ճշտել, թե ընկերության բաժնեմասերի որքա՞ն մասն է պատկանում իրեն․ «Ես հիմա չեմ հիշում «Պասեպ»-ի հետ կապ ունեմ, թե ոչ։ Եթե ես ունեմ բաժնեմաս, ապա հայտարարագրիս մեջ ամեն ինչ գրված է, խնդրում եմ՝ բացեք, նայեք, ես լրացուցիչ բան հիմա չեմ հիշում, չեմ կարող ասել»,- ասաց նախկին ոստիկանապետը։
 
Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել՝ բաժնեմաս ունի թե ոչ, Ալիկ Սարգսյանը բորբոքվեց՝ ասաց, որ տեղյակ չէ, ապա պնդեց՝ որ ինքը չի առնչվել և չի առնչվում դրա հետ։
 
Ապա անդրադառնալով հարուցված քրգործին՝ ևս մեկ անգամ այն որակեց անհեթեթություն. «Էդտեղ քրեական գործ չկա։ Նախ՝ քրեական գործը ոչ թե բաժնետերերի վրա է հարուցված, այլ ընկերության, իսկ թե ում է այն պատկանում, բացեք, նայեք, ես դրա հետ ընդհանրապես առնչություն չունեմ։ Ինչ վերաբերում է Պասարիելլոյին, ապա նա իտալացի տաղանդավոր ժողովրդի այլանդակ, «շանտաժյոռ» տեսակն է։ Այդ տաղանդավոր ժողովուրդը տալիս է նաև Պասարիելլո Դանիլո, լավագույնների կողքին մի հատ տականք անպայման թողարկում են, թող գնա իր բողոքներին տեր կանգնի։ Հետագայում անպայման կտեսնեք՝ այդ բողոքը հիմք ուներ, թե ոչ։ Ամեն դեպքում, «Պասեպ»-ի հետ կապված, ես ում ճանաչում եմ՝ նրանք մարդու խարդախ տեսակը չեն, բացառված է՝ որևէ բան արած լինեն։  Պասարիելլոն ճիվաղ է, ու դա կարող է սարքած լինել շանտաժի ֆոնի վրա։ Ինչ-որ մեկը ականջին փսփսացել է՝ ժամանակներ են փոխվել և այլն, ընկել է այդ հունի մեջ, որոշել է մի բան պոկել, որն անհնար է»,- ասաց Սարգսյանը։
 
Մեզ հետ զրույցում ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը նշել էր, որ ընկերության ոչ շատ մեծ մասի բաժնեմասն է պատկանել իրեն և «Պասեպ Ինթերնեյշնլ»-ը  2014թ․ գրեթե դադարեցրել է իր գործունեությունը։ 
 
Նշենք, որ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Վանաշենի տեղամասում 2003-ին հիմնադրված և գործող «Պասեպ Ինթերնեյշնլ»-ն իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանում:
 
Սոնա Հարությունյան