ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը եկել է այն համոզման, որ Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է: Նա նաև կարծում է, որ խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ցածր է։ Սա էլ դեռ ամենը չէ. ՀՀ վարչապետն ու ՊԵԿ նախագահը Հայաստանում ստվերի առկայության մասին տարբեր ցուցանիշներ են ներկայացնում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում ստվերը 25 տոկոս է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՀ-ի գնահատմամբ` Հայաստանում մինչև 50-60 տոկոս ստվեր կա։ Երկուսն էլ, սակայն, համամիտ են, որ ստվերի դեմ արդյունավետ պայքար են տարել, այն աստիճան արդյունավետ, որ խոշորներն այլևս բացառապես օրինական դաշտում են աշխատում, նրանց վերադարձրած միլիարդներն էլ հոսել են պետական բյուջե:
Եվ ոչինչ, որ այդ միլիարդները դեռ որևէ կերպ չեն շոշափվել, քաղաքացիներն էլ իրենց մաշկի վրա օլիգարխների ապաստվերացումը չեն նկատել: Բայց փաստը մնում է փաստ, որ «Լֆիկ Սամոյին» ստվերից հաջողությամբ դուրս բերածներն այսօր արդեն որոշել են ստվերից դուրս բերել մանրածախ առևտրով տուն պահող քաղաքացիներին: Իրականում սա իրոնիա է, քանի որ մանրածախ առևտրի վրա «քսի տալը» ունի մեկ նպատակ՝ ամեն գնով լցնել պետական բյուջեն: Հարց է առաջանում՝ եթե խոշորները ստվերից դուրս են եկել, զղջացել և մուծվել են պետական բյուջե, ապա որտե՞ղ են այդ գումարները, ինչու հավելյալ գումար հավաքելու տենդը այդպես էլ չի նահանջում: Իհարկե, ստվերը կրճատվել է, դրանում կասկած չկա, բայց կասկած չկա նաև, որ ստվերից դուրս բերած մի քանի միլիոնն էլ ՊԵԿ ղեկավարությունը ծախսել է ինքն իրեն պարգևատրելու վրա:
Տպավորություն է, որ խոշորների հետ նոր իշխանությունները պարզապես լեզու են գտել, գեղեցիկ թվեր նկարել ստվերի կրճատման մասին (լավ է, որ այս գործում Այվազովսկիների պակաս չունենք), իսկ այժմ էլ պարզվում է, որ տնտեսության զարգացման գլխավոր արգելակը՝ մանրածախի վրա նստած խեղճ ու կրակ կրպակների տերերն են: Այն, որ հասարակության մի ստվար զանգված այսօր ապրում է հենց մանրածախ առևտրից ստացվող եկամուտներով՝ հայտնի փաստ է: Հայտնի է նաև՝ ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել մանրածախ առևտրով զվաղվող մեր հայրենակիցներին ստվերից դուրս բերելու օպերացիան, եթե այդ ստվերը, իհարկե, կա: Բյուջեում ահռելի հոսքեր ակնկալելը միամտություն է, իսկ այն, որ մի քանի հազար ընտանիք կարող է մտածեն երկրից արտագաղթելու մասին, այն, որ շատերը կզրկվեն օրվա ապրուստի գումարից՝ հավանական սցենար…