Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ պետական համակարգից հեռացված պաշտոնյաները, եթե, իհարկե, վերջիններս հեռացվել են խախտման, տարատեսակ սկանդալների կիզակետում հայտնվելու և ապօրինություններ գործելու պատճառով, այլևս այդ պետական համակարգում տեղ ունենալ չեն կարող: Սակայն, իրականում ամեն ինչ հենց հակառակն է. հեռացված պաշտոնյաները շատ երկար ժամանակ չանցած վերադառնում են համակարգ' ստանալով այլ, ոչ պակաս յուղոտ պաշտոններ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից: Նշենք, որ Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը:
Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու համար մեղադրվող Արսեն Դավթյանին նույնպես նոր պաշտոն են տվել։ Դավթյանը Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական է նշանակվել։ Նախկին փոխնախարարի կալանքն ամիսներ առաջ գրավի դիմաց փոխվեց, և նա ազատ արձակվեց։
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը , ով սկանդալից հետո հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում և հեռացվել էր պաշտոնից՝ նույնպես այլ պաշտոնի է նշանակվել, նույնիսկ ՝ ավելի բարձր:
Հարավկովկասյան երկաթուղիների էլեկտրաֆիկացման և էլեկտրամատակարարման ձեռնարկության գլխավոր ինժեներ Հարություն Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գողություն), 214-րդ հոդվածի 1-ին մասով (լիազորությունները չարաշահելը) և 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառք) նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար։ Սակայն, դա չի խանգարել, որ Մակարյանը նշանակվի տեղամասի պետ:
Նախորդ տարի պաշտոնանկ արված Սոցապծառայության սկանդալային պաշտոնյան վերադարձվել է պետական համակարգ և դարձյալ բարձր պաշտոն է զբաղեցնում: Խոսքը հեղափոխության «քայլարշավով» մինչև Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնին հասած Արսեն Օհանյանի մասին է, որը, ըստ հրապարակումների, ՍԱԾ-ում մի ամբողջ տարի զբաղված է եղել սևեր-սպիտակներ բաժանումով գործնթացներ հրահրելով: Արսեն Օհանյանը, հիշեցնենք, հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում հրապարակումից հետո, որում տեղ էին գտել պետական պաշտոնյայի կողմից այդ մեկ տարվա ընթացքում արված սեռաքաղց գրառումներն ու ցենզուրայից դուրս բնորոշումներով ձևակերպումները հայկական բանակի մասին: Այս հրապարակումից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնյան ազատվեց աշխատանքից: Եվ ուշագրավ է այն, որ խայտառակ գրառումներով հայտնի դարձած երիտասարդին վարչապետի որոշումից հետո իր մոտ է կանչել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և օրեր անց նրան նշանակել պատասխանատու օղակում: Նա առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարի տեղակալն է:
Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ժամանակին իր կողմից քննադատվող Սերժ Սարգսյանն էր անում, չի ցանկանում նեղացնել յուրայիններին և վերջիններիս զանցանքների դիմաց նրանց պաշտոնից հեռացնելը որպես կանոն կրում է ձևական բնույթ. վերջիններս շատ արագ վերադառնում են պետական կառավարման համակարգ՝ ստանձնելով ոչ պակաս պատասխանատու պաշտոններ…