ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հարկային արտոնություն ստանալու համար դիմած ՏՏ ոլորտի ընկերությունների վերաբերյալ։ Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել է շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն։ «Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Քչերն են իհարկե հիշում, սակայն ՏՏ ոլորտի զարգացման իրական հենքը Հայաստան դրվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում, և հենց այդ ժամանակ էլ երևան եկավ ՏՏ ոլորտի ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու նախագիծը: Սկզբում, իհարկե, Կարապետյանի կառավարությունը չէր ցանկանում գնալ այդ քայլին, եղան նաև որոշակի բախումներ ՊԵԿ-ի հետ, սակայն ի վերջո նախագիծը, որը նախատեսում էր վերականգնել ՏՏ ոլորտի արտոնությունները՝ փոխելով հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները, նոր ընկերությունների ստեղծման, դրանց գործունեության խթանման և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով մինչև 2025 թվականը գրանցվող ընկերություններին ազատել շահութահարկից և եկամտային հարկի 10% դրույքաչափ կիրառել՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից, ընդունվեց: ՏՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրեց 3 մլն դոլարի ներդրում կատարելու և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչական 16 գրասենյակներ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բոլիվիայում, Գերմանիայում, ՌԴ-ում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում բացվել են ներկայացուցչական 7 գրասենյակներ: Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: 2017թ.ստեղծված 281 նորաստեղծ ընկերության տրամադրվեց հարկային արտոնությունների հավաստագիր:
Իսկ հիմա հարց. ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Փաշինյանն ու իր կաբինետը: Վերջիններս ժառանգել են ոլորտի զարգացման պլանը՝ հաշված-գրված, և եթե անգամ որոշ ընկերություններ դիմում են կառավարությանը արտոնություն ստանալու նպատակով, ապա կառավարության միակ գործը մնում է այդ արտոնությունը տալը: Գուցե պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ չեն մերժում: Ընդ որում, նախորդ երկու տարիների ընթացքում ոլորտում ռեալ աշխատատեղեր են ստեղծվել, մինչդեռ Փաշինյանի գրառումը կրկին կենացների ժանրից էր՝ կստեղծվեն, թե երբ՝ որևէ մեկը ասել չի կարող: Իհարկե, եթե հույսներս կապելու ենք Փաշինյանի ՏՏ նախարարի հետ, ով փետրվարը 31 օրով է հաշվում և ում փայլուն մտքերից է հարկել յութուբյան գովազդը, կարող ենք ասել, որ ոլորտի զարգացումը, որը այսօր դեռ շարունակվում է նախորդների կողմից դրված հիմքերի իներցիայով, վտանգված է: Մի գուցե ժամանակն է հպարտանալ ոչ թե նախորդ կառավարության, այլ սեփական ձեռքբերումներով, եթե դրանք իհարկե կան...