ՀՀ ՊՆ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ տարիներ շարունակ անհանգիստ Չինարին այլև չեն կարողանա գնդակոծել։ Վերջին օպերացիայի արդյունքում 3 գլխավոր ստրատեգիական բարձունքները, որտեղից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, վերադարձել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Չինարի գյուղի կողքի Խորանաշատ վանքը, որը չէր գործում ճանապարհի վտանգավորության պատճառով, այսուհետ կբացվի, քանի որ այդ ճանապարհը նույնպես վերահսկվում է Հայկական զինուժի կողմից։ Նույն օպերացիայի արդյունքում ուղիղ նշանառության և Հայկական կողմի վերահսկողության տակ է անցել Ադրբեջան֊Վրաստան միջպետական մայրուղու հատվածը։
Այս տեղեկությունը միանգամից սկսեցին շեփորահարել իշխանական թեմի ներկայացուցիչները՝ պարծենկոտ մեկնաբանություններ գրելով, հարցազրույցներ տալով: Մենք գրավել ենք այս, վերցրել ենք այս, այլևս չեն կարող գնդակոծել և այլն: Ընդ որում, իմքայլականների նման ոգևորությունը տեղի է ունենում այն տեղեկության ֆոնին, որ վերոնշյալ օպերացիան իրականացրել է գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը: Այն նույն Խաչատուրովի որդին, որին իշխանությունները վարկաբեկեցին, որին ստիպեցին հեռանալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, որի դեմ քրեական գործ հարուցեցին: Այդ նույն պատգամավորները, ովքեր այսօր հպարտանում են Խաչատուրովի որդու իրականացրած օպերացիայով, ամիսներ առաջ վերջինիս հորը ազգի և պետության դավաճան էին որակում:
Ստացվում է՝ երբ հարցը հաջողություններին է վերաբերվում, Խաչատուրովը սահուն դառնում է մերոնքական: Հասկանալի է իշխանությունների ցանկությունը. շահարկելով 800 հեկտարը, որը «կորցրել» է նախորդ իշխանությունը, ի ցույց դնել սեփական հաղթանակները, որը բնավ էլ սեփական չեն, ավելին՝ բանակից ամեն հնարավոր և անհնարին մախինացիաներով ազատված նորորյա հերոսների հետ որևէ կապ ու առնչություն չունեն: