Երեկ երեկոյան վթարի է ենթարկվել Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը, կան վիրավորներ:

ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ ավտովթարը տեղի է ունեցել Ռոստովի մարզի Ակսայի շրջանի «Դոն» Մ–4 մայրուղու վրա, ապրիլի 1–ին՝ ժամը 19։50-ին․ ««Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը, բախվել է ճամփեզրից իր առջև դուրս եկած Chevrolet Cruze-ին։ Վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել։ Ուղևորներից՝ քթի վնասվածքով հոսպիտալացվել է Չիլաուրի Էթերին 25․09․1943 թ․, որը արդեն հիվանդանոցից դուրս է գրվել։ Ըստ ճանապարհային ոստիկանության տեղեկության՝ մեքենան շարունակել է իր ճանապարհը»,-ասաց նա։

Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ իրար են բախվել «Chevrolet Cruze» մակնիշի (վարորդ՝ ՌԴ քաղաքացի Ա.Ռ., ծնված 1973 թ.) և «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Վ.Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները, վերջինս 15 ուղևորով Վլադիկովկաս քաղաքից ուղևորվում էր Մոսկվա քաղաք:

««Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա.Կ.-ն (ծնված 1978 թ.), տեղափոխվել են Նովոչերկասկ քաղաքի շտապ բժշկական օգնության հիվանդանոց, իսկ «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ ՀՀ քաղաքացի Է.Չ.-ին (ծնված 1943 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել»,- տեղեկացրին ԱԻն-ից: