Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտերնետի ռուսական հատվածը մեկուսացնելու մասին օրենք է ստորագրել։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ նոյեմբերի 1-ից։ Դրա մի շարք դրույթներ, այդ թվում՝ դոմենային անունների ազգային համակարգի մասին դրույթը, կսկսի գործել 2021 թվականից։

Պետդուման օրենքը հավանության է արժանացրել ապրիլի 16-ին, Դաշնային խորհուրդը՝ ապրիլի 22-ին։

Ինչպես գրում է Meduza-ն, օրենքի հեղինակների վարկածով՝ սա պահուստ է «սեւ օրվա» համար։ Եթե որեւէ մեկը գրոհի (սպառնա սահմանափակել կամ անջատել) ինտերնետի ռուսական հատվածը, «Ռոսկոմնադզորը» կենտրոնացված կառավարումն իր վրա կվերցնի։ Հաստատությունը կֆիլտրի ողջ ինտերնետ-թրաֆիքը արգելափակման հատուկ համակարգերի միջոցով, որոնք անվճար կբաժանվեն կապի օպերատորներին։ Վերջինները պարտավոր կլինեն կատարել «Ռոսկոմնադզորի»ուղիղ կարգադրությունները, մասնավորապես՝ պահպանել թրաֆիքի երթուղու կանոնները՝ փաստացի փակելով այն երկրի ներսում։