ECOS ընկերության կողմից կազմակերպված մրցույթի հայ մասնակից Նարե Մարտիրոսյանը մրցույթի ինտերիեր դիզայներների կատեգորիայում առցանց քվեարկությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Մրցույթի մանրամասների, իր հաղթանակի և տպավորությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց առաջին հորիզոնականը զբաղեցրած Նարե Մարտիրոսյանի հետ:

 

- Նարե, ի՞նչ մրցույթ էր կազմակերպել ECOS ընկերությունը, ժյուրիի անդամներից ովքե՞ր Ձեր աշխատանքը լավագույնը համարեցին:

- ECOS ընկերությունը մրցույթն անցկացնում էր ԱՊՀ երկրների ներկայացուցիչների միջև՝ առցանց տարբերակով:

Մի քանի կատեգորիաներով անցկացվող մրցույթի ընթացքում ես մասնակցել եմ ինտերիեր դիզայն մրցույթին: Ստացել եմ վկայագիր ECOS-ի գործընկեր Իլյա Գոլդբերգի, «Լամանշ» ընկերության համահիմնադիր Արփի Վարդանյանի և Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Շատվորյանի կողմից:

 

- Որտե՞ղ եք ստացել Ձեր ուսումը և որտե՞ղ եք աշխատում:

- Սովորել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում և հիմա արդեն սովորում եմ մագիստրատուրայում: Ունեմ իմ բրենդը՝ «narekaReni», շուտով կունենամ նաև իմ գրասենյակը: Աշխատում եմ ոչ միայն հայ հաճախորդների, այլ նաև Եվրոպայի, Ռուսաստանի և արտերկրյա այլ հաճախորդների հետ՝ օնլայն հարթակում: Համացանցում ունեմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր, որոնց միջոցով հաճախորդները կարող են կապ հաստատել ինձ հետ:

 

- Ի՞նչ ոճով եք աշխատում, և որո՞նք են ինտերիեր դիզայնի կարևորությունները:

- Ինտերիեր դիզայնը միայն գեղեցիկ նկար ստանալը չէ: Դիզայնը առարկաների, գույների և ֆակտուրաների հոգեբանություն է։ Դիզայնը նաև պետք է հիմնավորումներ ունենա և լինի ճշգրիտ։ Ճշգրտության մեջ մտնում է էրգոնոմիկ լուծումները և ճարտարապետական որոշումները։ Այս ամենին հետևելով' ստանում եմ գրագետ ինտերիեր։ Ինչպես բոլորս գիտենք, ինտերիերը ունի բազում ոճեր: Թվեմ այն ոճերը, որոնք հիմնականում օգտագործվում են՝ կլասիցիզմ, լոֆթ, մինիմալիզմ, արտ-դեկո և այլն։ Նախընտրած ոճ, կարելի է ասել, չունեմ, քանի որ ամեն ոճ ունի իր գույնը, մատերիալը, նախշը, որից ստանում ենք լուծում։ Նաև կարող եմ նշել, որ հաճախ մի քանի ոճ միավորելով՝ ստանում ենք ավելի հետաքրքիր պատկեր։

Եվ, իհարկե, ինտերիերի հիմքը հաճախորդին ճիշտ հասկանալն է։ Հենց առաջին շփումն է շատ կարևոր հաճախորդի հետ, թե ինչ նախասիրություններ ունի, ինչ ոճ է նախընտրում, ինչ գույներ է սիրում: Անգամ հաճախորդի մասնագիտությունը շատ մեծ ազդեցություն ունի, թե ինտերիերի ինչպիսի գունային գամմաներ կլինեն, բնակակարանի որ զոնան է նախընտրում, ինչ լուսավորություն է սիրում և այլն։ Ինտերիերը նախագծելիս մաքսիմալ հարմարավետություն եմ հաղորդում ամեն զոնայում, որպեսզի տուն մտնելիս մարդիկ հանգստություն և ջերմություն զգան։ Ավելորդ իրերից (դեկորներից) փորձում եմ զերծ մնալ, քանի որ շատ քանակի դեկորները հոգեբանական ազդեցություն են ունենում մարդու վրա։ Եվ, իհարկե, նախագծելիս հաշվի եմ առնում հաճախորդի բյուջեն, քանի որ ամեն ինչ հաշվառվում է։ Կարող եմ նշել, որ ես մասնակից եմ լինում վերանորոգման ողջ ընթացքին:

 

- Նշեցիք, որ աշխատում եք նաև օտարերկրացի հաճախորդների հետ, նրանց և հայ հաճախորդների պահանջները տարբե՞ր են:

- Այո, պահանջները տարբեր են: Ռուս հաճախորդները հիմնականում ընտրում են տաք գույներ՝ անտառային, ավազային, իսկ դեկորներից հիմնականում ընտրում են անտառների և ծովափերիի լուսանկարներ: Եվրոպայում հիմնականում նախընտրում են մինիմալիստական ոճեր և ամենաառաջինը պահանջում են, որ հումքը լինի բնական: Օրինակ՝ Հայաստանում բնական փայտի փոխարեն այլ նյութեր են պահանջում, որովհետև փայտը թանկ է, իսկ Եվրոպայում առաջնային են համարում բնականը, անվնասը: Հայերը պահանջում են ճոխ դեկորներ և գույներ: