«Էկոս» ընկերության կողմից ԱՊՀ երկրների միջև կազմակերպված մրցույթում առցանց քվեարկությամբ առաջին հորիզոնական են զբաղեցրել հայ մասնակիցները։ Մրցույթի մանրամասների, իրենց հաղթանակի և տպավորությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց պատվավոր հորիզոնականը զբաղեցրած  Արգամ Շահբազյանի և Գևորգ Աղախանյանի  հետ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ մրցանակ է շնորհվել հովացման աշտարակի դիզայն և միջավայրի դիզայն անվանակարգերում։  
 

- Ե՞րբ և ի՞նչ մրցույթ էր կազմակերպել «Էկոս» ընկերությունը, ովքե՞ր էին ժյուրիի անդամները և նրանցից ովքե՞ր ձեր աշխատանքը լավագույնը համարեցին: 

- Մրցույթն ԱՊՀ երկրների ներկայացուցիչների միջև անցկացվում էր առցանց տարբերակով։ Ժյուրիի անդամներն էին «Լամանշ» ընկերության ղեկավար Արփի Վարդանյանը, ՃՇՀԱՀ ճարտարապետության ամբիոնի փոխդեկան Արմեն Շատվորյանը, «Էկոս»-ի գործընկեր Իլյա Գոլդբերդ, ՃՇՀԱՀ դիզայնի ամբիոնի դեկան Արմեն Բուբուշյանը։ Պատվոգիր ստացանք  Իլյա Գոլդբերդի կողմից, ինչպես նաև հարցազրույցի հնարավորություն՝ Արփի Վարդանյանից։

«Էկոս» ընկերությունը սկսել էր ինդուստիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքներ, որը հիմնած էր «Հրազդան» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Մրցույթն առանձնանում էր նաև նրանով, որ «Էկոս» ընկերությունը հնարավորություն տվեց այցելել «Հրազդան»-ի ջերմային էլեկտրակայան, որտեղ պետք է իրականացնեինք մեր նախագիծը։ Ավելի մոտիկից տեսնելով և ծանոթանալով տեղանքին` հստակ պատկերացում էինք մեր հետագա անելիքը։

- Ի՞նչ աշխատանք եք ներկայացրել մրցույթում։

 

- Ներկայացրել ենք ընդհանուր աշխատանք՝ հովացման աշտարակի ճակատային լուծում, վարչական մասնաշենքի ճակատի նոր դիզայն և ընդհանուր միջավայրի կազմակերպում։ Օրինակ՝ հովվացման աշտարակի ճարտարապետական նոր կերպարը լուծել էինք էկո տարբերակով՝ աշտարակը բաժանել էինք սեգմենտների, դրանցից որոշ հատվածներ կանաչապատված էին, օգտագործել էինք լուսային էֆեկտներ։ Երեք աշխատանքներն էլ արվել էին մեկ իդեայով։ 

Մրցույթը հետաքրքիր էր նաև նրանով, որ միայն Հայաստանի սահմաններով չէր սահմանափակվում և մեզ հնարավորություն էր ընձեռում մրցակցության մեջ մտնել տարբեր երկրների ճարտարապետների հետ։ 

 

 

 

 

 

- Որտե՞ղ եք սովորում և արդյոք աշխատո՞ւմ եք ձեր մասնագիտությամբ։

- Երկուսս էլ սովորում ենք ՃՇՀԱՀ-ում, ճարտարապետության ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Սա մեր համատեղ աշխատանքում հաջողված 2-րդ աշխատանքն է։ Միասին իրականացրել են նաև Եզնիկ Կողբացի փողոցի հին երևանյան շենքերից 3-ի վերակառուցման և ադապտացման նախագիծը՝ ճարտարապետ, պրոֆեսոր Մ․ Գասպարյանի գլխավորությամբ։ 

Արգամ Շահբազյան - Ես աշխատում եմ Բալյան ճարտարապետական ընկերությունում որպես ճարտարապետ։ 

Գևորգ Աղախանյան - Այս պահին  չեմ աշխատում, ժամանակս տրամադրում եմ ուսմանս։

- Ո՞րն է ձեր նախընտրած ոճը ճարտարապության մեջ և, առհասարակ, ո՞րն է ճարտարապետության կարևորությունը:

 

- Փորձում ենք աշխատել 21-րդ դարին համահունչ։ Նախընտրած ոճերն են՝ մոդեռն, դեկոնստրուկտիվիզմ, արտնովո, կլասիցիզմ։ Քաղաքի կերպարի մեջ շատ կարևոր է պահպանել ճարտարապետական կերպարը՝ հաշվի առնելով դրա առանձնահատությունն ու բնությունը։ Ճարտարապետությունը միայն շենք կառուցելը չէ, հարկավոր է կարողանալ ստեղծել ճիշտ և հարմարավետ միջավայր։  

Յուրքանչյուր գործի պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել, գոհացնել հաճախորդին՝ բավարարելով նրա պահանջները և ամենակարևորը` տալ ճիշտ մասնագիտական լուծումներ։  

- Ապագայում ի՞նչ հեռանկարներ ունեք, որտե՞ղ եք պատկերացնում ձեր հետագա աշխատանքը։

 

- Ուսումը ցանկություն ունենք շարունակելու արտերկրում՝ ինքնազարգացման և աշխարհայացքի ձևավորման համար։ Կցանկանայինք աշխատել մեր երկրում, բայց լայն հեռանկարներ տեսնում ենք նաև Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այնտեղ մասնագիտական ավելի մեծ հնարավորություններ են ընձեռնվում։ 

- Ի՞նչ մրցույթների եք մասնակցել։

Գևորգ Աղախանյան - Ես մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների, որոնցից ամենակարևորներն ինձ համար Լիբանանի միջազգային նկարչության ցուցահանդեսն ու Չեխիայում անցկացված ցուցահանդեսն էր։

Արգամ Շահբազյան - Ճարտարապետական մի քանի մրցույթների եմ մասնակցել, որոնցից մեծ փորձ և մասնագիտական գիտելիքներ եմ ձեռք բերել։

 

- Ի՞նչն է ձեզ զարգացնում  որպես ճարտարապետներ։ 

- Ճարտարապետը նախևառաջ պետք է զբաղվի ինքազարգացմամբ, ուսումնասիրի նորագույն ճարտարապետական մոտեցումներն ու լուծումները և փորձի կերտել իր անհատական ձեռագիրը։

 

Արգամ Շահբազյանի աշխատանքներից

 

 

 

 

 

Գևորգ Աղախանյանի աշխատանքներից