Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վարած Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենայով Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ հատվածում՝ Քարակերտ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհանյիսյաննն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, և տեղում աշխատում է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետը։ Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ճանաչված ու սիրված բժիշկ է եղել, ով բազմաթիվ կյանքեր է փրկել։ Նա բժիշկ-ակադեմիկոս, «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրենն էր։