Այսօր, օգոստոսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ 42-ամյա Վահագն Հակոբյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վարորդ Վ․ Հակոբյանը Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 50-ամյա Զարինե Հակոբյանն ու 22-ամյա Մելիք Գրիգորյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Այնտեղ որոշ ժամանակ անց Զ․ Հակոբյանը մահացել է։

Ըստ աղբյուրի՝ վիրավորներից Մ․ Գրիգորյանը վարորդի քրոջ տղան է, իսկ մյուս վիրավորը՝ վարորդի քույրը։