ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ մասնավորապես նշելով, որ այդ հարցով քննարկում է ունեցել վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ով նաև օդաչու է:

Ինչքանով է նոր ինքնաթիռ գնելն այդքան այսրոպեական կարևորության քայլ ՀՀ-ի համար, ինչպես կբացատրի հարցը  նման խորհուրդ տվող խորհրդական Ճաղարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց խորհրդականի հետ և զրույցից պարզ դարձավ, որ իրավիճակն այդքան էլ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում է:

«Ես պարոն Աղաջանյանին խորհրդակցական կարգով պարզաբանել եմ, թե ինչու մեր ունեցած օդանավը չի կարող կատարել տրանսատլանտյան թռիչք, որպես օդաչու և որպես ավիացիայի մասնագետ: Նոր գնվելիք օդանավի մասին ես ոչինչ ասել չեմ կարող: Դա կառավարության որոշելունն է»,-ասաց Ճաղարյանը: 

 

Նրա խոսքով՝ մեր ունեցած օդանավը հինգ ու կես հազար կիլոմետրից ավելին ուղղակի չի կարող թռչել, իսկ նավթի տարողությունը, ընդամենը, 19 տոննա է: 

Էդուարդ Աղաջանյանն ասել էր նաև, որ մենք խնդիր ունենք նաև օդաչուների հետ: Բանն այն է, որ մեր օդաչուները այնքան փորձառու չեն, որ կարողանան տրանսատլանտյան թռիչքներ իրականացնեն: «Մեր օդաչուները չեն կարող նման թռիչքներ իրականացնել, քանի որ մինչև այս պահը նման խնդրի չեն բախվել: Եթե մենք չունենք, որևէ կոնկրետ օդանավ, ապա օդաչուներն էլ փորձ չունեն: Բայց այս հարցը շատ հեշտ կարգավորվող է: Այդ պատրաստությունն անցնելու համար ընդամենը իրենց կողքին մի տրանսատլատյան թռիչք կատարած օդաչու հրահանգիչ պետք է նստի, մի թռիչք միասին կատարեն ու վերջ»,- ընդգծեց խորհրդական Ճաղարյանը՝ հավելելով. «Հավատացեք, այս պատմության մեջ ամենահեշտ կարգավորվող հարցը հենց օդաչուների հարցն է»:

Ի դեպ, երբ ամիսներ առաջ քննադատվեց Նիկոլ Փաշինյանը՝ թե ինչու է անընդհատ օգտագործում պետական ուղղաթիռը, վերջինս պատասխանել էր, թե ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամ ու պետք է թռչի՝ անկախ այն բանից, դատա՞րկ է, թե՞ մարդ կա ներսում, ասել է թե վարչապետը թռչում է՝ ուղղաթիռի չժանգոտման համար:

 

Նրա այս պարզաբանումը խիստ մտահոգեց հանրությանը, նույնքան մտահոգիչ արձագանք է ստանում նաև նոր ինքնաթիռի լուրը: Չի՞ կարող արդյոք Փաշինյանը զերծ մնալ այս հերթական ճոխությունից: