Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում հայտնի էր ՀՀԿ-ական օլիգարխների, ֆինանսական կտուրիների անխնա քննադատությամբ, ում համար «թանկարժեք կոստյումներով ֆռֆռացողները» Հայաստանի համար ճոխություն էին, հեղափոխությունից հետո կտրուկ փոխել է իր տեսակետը և հայացքները այս հարցի շուրջ: Փաստացի, խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, կան միայն սեփականատերեր, ինչ խոսք, կտրուկ շրջադարձ է ընդդիմադիր Փաշինյանի հայտարարած սկզբունքներից:
 
Կա տեսակետ, որ 2018 թվականին տեղի ունեցածը պետք է դիտարկել նախկին իշխանությունների, ասել է թե՝ Սերժ Սարգսյան–Նիկոլ Փաշինյան քաղաքական պայմանավորվածությունների համատեքստում: Եվ հենց այդ համատեքստում էլ Փաշինյանը պետք է հանձն առներ դաշտը օդիոզ դեմքերից, օլիգարխներից մաքրելու բարդ առաքելությունը: Դրա փոխարեն, սակայն, Փաշինյանը սկսեց սեփականաշնորհել Սարգսյանի օլիգարխներին՝ փորձելով այս կերպ ամրապնդել իր իշխանության ֆինանսա-տնտեսական ռեսուրսային բազան, այսինքն՝ անել այն, ինչ անում էր Սարգսյանը: Փաշինյանը այսօր օլիգարխներից յուրային է սարքում, դիցուք, վառ օրինակ է Սամվել Ալեքսանյանը, ում նոր գործարանի բացմանը վարչապետը երեկ ներկա էր:
 
Ալեքսանյանի կյանքում հեղափոխությունից հետո քիչ բան է փոխվել: Նրան հաջողվում է ոչ միայն ընդլայնել բիզնեսները, այլ նաև նվազեցնել պետությանը վճարվող հարկերը: 2019 թվականին Սամվել Ալեքսանյանը տարրալուծել է իր բիզնեսները. «Ալեքս ընդ հոլդինգ»-ը բաժանել է երկու մասի` «Սիթի» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունների: Նրանցից «Սիթի» ընկերությունը 2019 թ. առաջին 9 ասում վճարել է 5 մլրդ 670 մլն դրամ, «Ալեքս ընդ հոլդինգ»-ը` 4 մլրդ 749 մլն դրամ: Իսկ «Ալեքս տեքստիլ» ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություն է տվել: Նույնը կարելի է ասել նախկին իշխանություններին մոտ կանգնած օլիգարխներից մյուսի՝ Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» մասին, ով Սերժ Սարգսյանի մտերիմներից է: Վերջինիս դեմ հարուցված քրեական գործը մեկ կարճվում է, մեկ վերաբացվում, ինչը նշանակում է, որ Ֆլեշի Բարսեղին սանձելու օպերացիան դեռ ավարտին չի հասել, սակայն նրա ընկերությունը նույնպես սկսել է պետությանը ավելի քիչ հարկ վճարել: Մեկ էլ օլիգարխի՝ Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի դեմ Փաշինյանը ևս կարճատև արշավ սկսեց, կարճատև այն իմաստով, որ վերջինիս տղային իրավապահները սպառնացին ներգրավել քրեական գործում որպես մեղադրյալ, այնուհետև մոռացան այդ մասին, իսկ ինքը՝ Արսենյանը, կառավարության հաջորդ իսկ նիստում խոշոր արտոնություն ստացավ: Փաշինյանին լոյալ է նաև Սարգսյանի մտերիմ մյուս օլիգարխը՝ Արկադի Համբարձումյանը, ում թիկնազորին, ճիշտ է, հեղափոխությունից հետո մեկ անգամ փռեցին ասֆալտին, սակայն հետո կրքերը մարեցին, իսկ Համբարձումյանի ընկերությունները, կարծես, մոռացել են անգամ իրենց հարկային պարտավորությունների մասին:
 
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում արհեստական մենաշնորհներ չեն լինելու: Ոչ ոք ոչ մեկի շուկայի կամ բիզնեսի քվոտաներ չի տալու, ասել է նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ սեփականության վերաբաժանում էլ չի լինելու: Արհեստական մենաշնորհները պահպանվել են մինչ օրս, նախկին համակարգի ներկայացուցիչ և ոչ մի օլիգարխ չի կորցրել իր մենաշնորհային դիրքը շուկայում, ընդամենը, ինչպես կասեր ինքը՝ Սերժ Սարգսյանը, այսօր թղթերով ամեն ինչ կարգին է: Ըստ երևույթին՝ թղթով ամեն ինչ կարգին է նաև ջրի, փայտի մաֆիայի մոտ, քանի որ իրավապահները արդեն տարի ու կես է փնտրում են, սակայն չեն գտնում վերջիններիս հետքը: Ամեն ինչ կարգին է նաև ՀԷԿ-ի սեփականատերերի մոտ, ովքեր հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներ են: Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը այսօր չի էլ թաքցնում, որ մեծ հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի հետ: Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին կսկսի բիզնեսով զբաղվել, դե իսկ նման դաբրո ստանալու համար հասկանալի է, թե ինչ է հարկավոր՝ անվերապահ լոյալություն, իսկ լոյալություն հայտնած օլիգարխների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:
 
Վերջիններիս լոյալությունը ձեռք բերելու հարցում էլ Փաշինյանը հեծանիվ չի հորինել՝ քրեական գործերի հարուցում, այնուհետև ջրում, ինչպես եղավ Ֆլեշ ընկերության, Սիթի ընկերության, Ջերմուկ Գրուպ ընկերության նկատմամբ, անվտանգության երաշխիք՝ գույքի կամ մուծվելու դիմաց, ինչպես եղավ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեպքում, ով պետությանը նվիրեց Ծաղկաձորի Գոլդեն Փելըս հյուրանոցային համալիրը, ասֆալտին փռելու և «շնորքով և օրենքի տառին համապատասխան ներխուժելու» օպերացիաներ՝ ինչպես դա եղավ Արկադի Համբարձումյանի, Առաքել Մովսիսյանի և մյուսների դեպքում:
 
Ասել է թե՝ Փաշինյանը խախտում է նախկին համակարգի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հասկանալով, որ խաղի այս փուլում խաղը կարող է նաև միայնակ վարել, միևնույն ժամանակ նա սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի օլիգարխներին՝ դարձնելով նրանց հեղափոխականների սրտի օլիգարխները, իսկ վերջիններիս համար Փաշինյանը այլևս ոչ միայն մեծ ախպեր է, այլ նաև թագավոր ախպեր, և այսօր բաց է մնում թերևս գլխավոր հարցը՝ արդյո՞ք այսօր էլ են օլիգարխները ճամպրուկով փող տանում Բաղրամյան 26, ինչի մեջ վերջիններիս դեռ ամիսներ առաջ մեղադրում էր Նիկոլ Փաշինյանը...