Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:
Ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: