Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, մեկնաբանել է Իրանում ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի վթարը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է պետության ղեկավարի Telegram-ալիքում։
«Ահավոր լուր Մերձավոր Արեւելքից։ Այսօր առավոտյան Իմամ Հոմեյնիի միջազգային օդանավակայանից (Թեհրան) թռչելուց հետո «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ուղեւորատար ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նախագահը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են։
«Մեր դեսպանությունը ճշտում է ողբերգության հանգամանքների մասին տեղեկատվությունը եւ զոհվածների ցուցակները»,- նշել է Զելենսկին։
Նա նաեւ ցավակցություն է հայտնել բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անդամների հարազատներին ու մերձավորներին։
Հիշեցնենք, որ ՈւՄԱ ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Կիեւ, կործանվել է Թեհրանից կատարած թռիչքից անմիջապես հետո։ Փրկարարները բացառել են որեւէ մեկի ողջ մնալու հանգամանքը։
Ուկրաինայի ԱԳՆ-ում տեղեկացրել են օպերատիվ ճգնաժամային խումբ ստեղծելու մասին։