Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է երեխայի վերջինիս հայրը։
Այս պատմությունը պայթեց, երբ նախորդ տարվա մայիսին լուր տարածվեց, որ Արմավիրի մարզում 13-ամյա երեխա է հղիացել։
Մայրը երեխային տարել էր բժշկի արդեն հղիության 23 շաբաթում՝ իբր երեխան իր համասադարանցիներից էր հղիացել։
Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի, տեղի ունեցածի մասին հավաստի մանրամասներ այդպես էլ չէր կարողացել պատմել։
Երեխան ծնվեց առողջ, կեսարյան հատումով։
Newmedia.am-ը պարզել է, որ ծննդաբերած երեխան ու նրա մայրը հրաժարվել են երեխայի հետագա խնամքից ու նրա նկատմամբ իրավունքներից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ փոքրիկը գտնվում է իրենց ենթակայությամբ գործող երեխայի խնամքի կենտրոններից մեկում։
Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով։ Մայրն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ անունը Դավիթ է դրել՝ կեսարյան հատումն արած Դավիթ Աբովյանի պատվին։
Նորածնին այդ ժամանակ թողել էին հիվանդանոցում, որ քաշ հավաքի։ Դրանից հետո նրանից հրաժարվելու որոշում է կայացվել։
Դա նշանակում է, որ երեխան ենթակա է որդեգրման։