Երեւանում, այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժԺամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, եւ թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր եւ արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։